Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր

14 Հուլիս, 2019 18:20
Կառավարությունում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում հողային բարեփոխման իրականացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ իրականացված վերլուծությունը:

Նա նշել է, որ համաձայն ուսումնասիրությունների՝ Հայաստանում գյուղացիական տնտեսություն վարողների կողմից գյուղատնտեսական նշանակության վարելահողերի որոշակի ծավալ չի մշակվում՝ տարբեր պատճառներով (հողակտորների մասնատվածություն, ֆինանսական խնդիրներ, ոռոգման ջրի պակաս, ցածր եկամտաբերություն, գյուղտեխնիկայի բացակայություն և այլն), և բարեփոխման շրջանակում իրականացվելիք միջոցառումները միտված են լինելու գյուղնշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, հողերի շուկայի զարգացմանը:

Առաջարկվում է չօգտագործվող հողերի մշակման խնդիրը լուծել 2020-2022 թթ. ընթացքում փուլային տարբերակով՝ Հողային օրենսգրքում օրենսդրական փոփոխությունների իրականացման, հողերի քարտեզագրման, ինստիտուցիոնալ, իրավական և ենթակառուցվածքային հնարավորությունների ու հարթակների ստեղծման,  և չօգտագործման դեպքում պատասխանատվության մեխանիզմների հստակ սահմանման ճանապարհով:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են հողային ռեֆորմի արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր, խորհրդակցության մասնակիցների կողմից ներկայացվել են որոշ առաջարկություններ:

Վարչապետը նշել է, որ հողային բարեփոխման ռազմավարական նպատակը բխում է տնտեսության զարգացման ռազմավարությունից, այն է՝ տնտեսության կառուցվածքի փոփոխություն և ագրարային երկրից անցում արդյունաբերական երկրի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ ամփոփել քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, լրամշակել բարեփոխման հայեցակարգը և պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ քննարկել հողային բարեփոխման նպատակով մարզերից մեկում պիլոտային ծրագիր սկսելու մանրամասները:

 

Լրահոս

Դիտել ավելին