Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ և սպանության փորձ՝ Սյունիքի մարզում

14 Հուլիս, 2019 12:17
Կրակոցներ և սպանության փորձ՝ Սյունիքի մարզում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 13-ին, կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գոռ Մանուչարյանն ու նույն վարչության Գորիսի քննչական բաժնի պետը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Աշոտ Ավանյանը, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և 24-ամյա Թևոս Ավանյանը, ով հիվանդանոց է ընդունվել «աջ ազդրի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։ Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. և Թ. Ավանյանները եղբայրներ են։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալու։ 

 

Լրահոս

Դիտել ավելին