Կարևոր իրադարձություններ

Զոհված զինծառայողների ընտանիքներն առանց իմանալու դուրս են մնացել բնակարանի հերթացուցակից. «Հայկական ժամանակ»

13 Հուլիս, 2019 16:44
Զոհված զինծառայողների ընտանիքներն առանց իմանալու դուրս են մնացել բնակարանի հերթացուցակից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմել զոհված զինծառայողների մայրեր եւ կանայք, որոնք այսօր գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում, ունեն առողջական խնդիրներ եւ կեցության նվազագույն պայմանների բարելավման կարիք:

Այս քաղաքացիների մեծ մասը երկար տարիներ եղել է բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում, սակայն չստանալով ոչինչ՝ հերթից դուրս է մնացել:

3-րդ խմբի հաշմանդամ, զոհված ազատամարտիկի այրի Դոնարա Ղազարյանի ընտանիքը 6 անձով բնակվում է Նորքի 8-րդ զանգվածի թիվ 31 շենքի 10 բնակարանում: Բնակարանը, որտեղ բնակվում է զոհվածի այրի Ղազարյան ընտանիքը, երեք սենյականոց է, 42,2 քմ. ընդհանուր մակերես ունի եւ մեկուսացված կոմունալ հարմարություններ: Դոնարայի հետ ապրում են 1973 թվականին ծնված չամուսանացած եւ առողջական խնդիրներ ունեցող որդին, 1978 թվականին ծնված չամուսնացած դուստրը եւ երեք անձից բաղկացած մյուս որդու ընտանիքը:

Նույն խնդրով մեզ է դիմել քաղաքացի Անիկ Պողոսյանը: Վերջինս ապրում է Գալոշյան փողոցի թիվ 50 շենքի 42 հասցեում: Անիկ Պողոսյանի որդին՝ Կարեն Սուքիասյանը, զոհվել է 1996 թվականին՝ սահմանամերձ գոտում մարտական առաջադրանք կատարաելիս, իսկ ամուսինը 3-րդ խմբի հաշմանդամ է:

Այս անձինք Երեւանի քաղաքապետարանի կողմից ՀՀ ՊՆ ուղարկված ցանկերում ընդգրկված շահառուներ են եւ բոլորովին վերջրես են իմացել, որ իրենք հերթացուցակում այլեւս չկան: Նախորդ իշխանությունները ոչ մի անգամ ականջալուր չեն եղել նրանց խնդրին, նրանցից շատերը փաստթղթային եւ տարատեսակ քաշքշուկների մեջ են եղել 20 տարուց ավելի՝ հույս ունենալով, որ ի վերջո հարցը կլուծվի: Զոհված զինծառայողների հարազատները բոլորովին վերջերս իրենց հերթի համարով հետաքրքրվելու ժամանակ են իմացել, որ հերթացուցակում չեն արդեն երկու տարի:

ՀՀ Կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ՝ հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության նոր կարգ՝ ըստ որի, որոշ փոփոխությունների արդյունքում վերը նշված անձինք այլեւս չեն կարող օգտվել բնակարանային պայմանների բարելավման ծրագրից:

Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքացիներին տրված գրությունից տեղեկանում ենք, որ Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության ընդունելությանն  են ներկայացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարություն ուղարկված ցանկերում չընդգրկվելու վերաբերյալ: Քաղաքացիները պարզաբանումներ են պահանջել նախկինում որպես կարիքավոր ընտանիքներ հաշվառման ցանկերում ընդգրկված իրենց կարգավիճակի մասին:

Քաղաքապետարանից նաեւ հայտնում են, որ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ որեւէ դրույթ նախատեսված չէ այն մասին, թե 2017 թվականի դրությամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից ՀՀ ՊՆ ուղարկված ցանկերում ընդգրկված շահառուներն իրենց նախկին հաշվառման տվյալներով շարունակում են համարվել կարիքավոր եւ մնալ հերթացուցակում, թե՝ ոչ:

 

Լրահոս

Դիտել ավելին