Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունն այն է, որ 40, 50 տարեկան մարդը կարող է գալ երեխայի հետ նույն սենյակում նստել և ինչ-որ բան սովորել. Փաշինյան

13 Հուլիս, 2019 16:25
Հեղափոխությունն այն է, որ 40, 50 տարեկան մարդը կարող է գալ երեխայի հետ նույն սենյակում նստել և ինչ-որ բան սովորել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Կենտրոնը բացվել է 2018 թվականի մայիսին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնով` ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտիկա և այլն։

Այնուհետև վարչապետը կենտրոնի դահլիճում հանդիպել է այստեղ այցելող պատանիներին և մեծահասակներին, ողջույնի խոսքով դիմել նրանց և պատասխանել մի քանի հարցերի:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վաղուց էր ծրագրում այցելել ՍՄԱՐԹ կենտրոն և ուրախ է այսօրվա առիթի համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ կենտրոնում տեսել է այն, ինչ սպասում էր և շնորհակալություն հայտնել Հայաստանի մանուկներ հիմնադրամի ղեկավար Կարո Արմենին: «Շնորհակալություն Ձեր գործադրած ջանքերի համար, որ այստեղ` Հայաստանի սրտում, ինչո՞ւ Հայաստանի սրտում, որովհետև սա Թումանյանի ծննդավայրն է, մենք վերածննդի այսպիսի անկյունաքար ունենք և դա ի շնորհիվ Ձեզ` պարոն Կարո Արմեն»,- ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սփյուռքի գործիչներից մեկի հետ երեկ ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: «Ասում էի, որ պատմագիտության մեջ ընդունված է նշել, որ յուրաքանչյուր հեղափոխություն ունենում է իր տնտեսական հիմքը: Շատ եմ այդ թեմայի մասին մտածել և արձանագրել եմ, որ մեր հեղափոխությունը ևս ունեցել է իր տնտեսական հիմքը, որովհետև հեղափոխությունն իրականում սկսել է շատ ավելի վաղ, քան տեղի է ունեցել: Իհարկե, մենք սկսել ենք քաղաքական գործընթացները, բայց մինչ այդ տեղի են ունեցել պրոցեսներ, որոնք չեն ընկալվել որպես հեղափոխություն, սակայն դրանք ստեղծել են հեղափոխության տնտեսական հիմքը: Մեր հեղափոխության տնտեսական հիմքն այն մարդիկ են, ովքեր գիտության, կրթության, բիզնեսի ոլորտում ցուցաբերել են նախաձեռնություններ, որոնք դուրս են եղել ավանդական օլիգարխիկ կոռումպացված տրամաբանության շրջանակից»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ 2017 թվականին գրել էր մի հոդված, որի իմաստն այն էր, որ Հայաստանը պատրաստ է տնտեսական թռիչքի: «Տեսնում էի, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել նախաձեռնություններ, ամենակարևորը, որ Սփյուռքի մի շարք գործիչների` Հայաստանում գործունեություն ծավալելու վերաբերմունքի փոփոխություն է եղել, նրանք եկել են եզրակացության, որ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանությամբ, իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կօգնեն մարդկանց գործել»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ չի թերագնահատում բարեգործությունը և խոնարհվում է բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր տարբեր անհրաժեշտ ժամանակներում եղել են մեր հայրենակիցների կողքին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Սփյուռքի գործիչների գործունեության հին բանաձևն է եղել օգնել մարդկանց, որ նրանք վերապրեն դժվարությունը, իսկ նոր բանաձևն այն նույն բանաձևն է, որի արդյունքում տեղի ունեցավ հեղափոխությունը` օգնել մարդկանց, որ իրենք հավատան իրենք իրենց:

«Սա է նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխության բանաձևը, որովհետև ինչո՞վ են տարբերվում մնացած քաղաքական շրջանները նախորդ գարնանից, ո՞րն էր այն բանաձևը, որ ի վերջո փոխվեց: Այն շատ պարզ էր. նախկինում մարդիկ հավատում էին քաղաքական առաջնորդներին, հույս կապում նրանց հետ, անելիքը տեսնում էին քաղաքական առաջնորդների դաշտում, իսկ նախորդ տարի մարդիկ հավատացին իրենք իրենց, ոչ թե հարթակում կանգնած մարդկանց: Նրանք հասկացան, որ իրենք են որոշիչ ուժը Հայաստանի Հանրապետությունում: Այսպիսի կենտրոնները և ընդհանրապես հեղափոխությունը մեր երեխաներին ասում են մի բան` դուք կարող եք փոխել աշխարհը բառիս բուն իմաստով: Նմանատիպ կենտրոնների և նախագծերի գաղափարական իմաստը դա է` օգնել պատանիներին, մեծահասակներին, որպեսզի նրանք հավատան, որ կարող են փոխել աշխարհը և իմանան, որ դրանից առաջ իրենք պետք է կարողանան փոխել իրենք իրենց»,- ասել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է` կառավարության դերը նրա մեջ է, որպեսզի ստեղծի պայմաններ, ենթակառուցվածքներ, որ մարդիկ կարողանան իրենք իրենց վրա աշխատել: «Հեղափոխությունը սա է, որ 40, 50 տարեկան մարդը կարող է գալ երեխայի հետ նույն սենյակում նստել և ինչ որ բան սովորել: Ես ինձ համարում եմ այսպիսի արժեքների կրող: Ես եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր և գնացել եմ ամերիկյան համալսարանում 9-րդ դասարանի երեխաների հետ սովորել անգլերեն: Հեղափոխությունը դա է: Եթե մեզնից յուրաքանչյուրն ամեն օր մի նոր բան չի սովորում, կորցնում է ժամանակը, ինքը փորում է մեր բոլորիս և իր առաջին հերթին հուսահատության փոսը: Մենք դուրս ենք եկել հուսահատության փոսից, բայց դեռևս քայլում ենք հույսի կածաններով, մեզ անհրաժեշտ է կառուցել հույսի մայրուղին: Մենք գիտենք ինչ պետք է անել դրա համար, Հայաստանն ագրարայինից պետք է վերածվի արդյունաբերական երկրի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ սա է այն ճանապարհը, որը պետք է փոխի մեր կյանքը:

Իսկ դրա համար, ըստ վարչապետի, պետք է վերամշակող արդյունաբերության, սարքաշինության, բարձր տեխնոլոգիաների, սպասարկման, բանկային, զբոսաշրջային ոլորտներին աջակցող ծրագրեր իրականացնել և զուգահեռ հասնել այսպիսի կենտրոնների հիմնման:

Վարչապետն ընդգծել է, որ առաջին հերթին պետք է երեխաներին պատրաստել ապրելու և ստեղծագործելու հզոր արդյունաբերական երկրում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` նրանցից յուրաքանչյուրը պետք է հավատա ինքն իրեն, հավատա, որ կարող է լինել ինժեներ, գիտնական:

«Երբ խոսում ենք տեխնոոլոգիական իրականության մասին` շատերին թվում է, որ հումանիտար կրթությունը նսեմացնում ենք: Ոչ, տեխնոլոգիական իրականության համար պետք է ունենալ զարգացած արվեստ, գրականություն: Երբ ասում ենք արդյունաբերական երկիր` պետք է հասկանանք, որ այդ արդյունաբերությանն էներգիա տվողը մշակույթը, կրթությունն են: Մենք պետք է այս ճանապարհով քայլ առ քայլ վստահ առաջ շարժվենք: Սա իսկապես մեր ճանապարհն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին