Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

Հոյակապ մարդ, փայլուն դիվանագետ. Երևանում վերջին հրաժեշտը տվեցին Արման Կիրակոսյանին

13 Հուլիս, 2019 15:58
Հոյակապ մարդ, փայլուն դիվանագետ. Երևանում վերջին հրաժեշտը տվեցին Արման Կիրակոսյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, մտավորականներ ներկա էին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի վերջին հրաժեշտին:

 Հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Դժվար և հեշտ է խոսել Արման Կիրակոսյանի մասին: Նա փայլուն անձնավորություն էր, բյուրեղյա մարդ իր բազմաթիվ առաքելություններով ու առաքինի հատկություններով: Նա բարդ էր և պարզ: Կիրակոսյանը ընտանիքի մարդ էր. փայլուն զավակ էր իր ծնողների համար և փայլուն շարունակողն էր Ջոն Կիրակոսյանի մեծ գործի: Հոյակապ եղբայր էր, որի նմանը դժվար է գտնել, հոյակապ ամուսին: Գիտեմ, թե ինչ նվիրված հայր էր Արմանը: Պետք է կրկնեմ, որ հեշտ և բարդ է խոսել նրա մասին»,-նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա շեշտեց, որ Կիրակոսյանը ֆանտաստիկ ընկեր էր, որը երբեք  չէր սպասում փոխադարձության, միշտ մտածում էր ընկերների մասին: «Կիրակոսյանը նաև մեծ գիտնական էր: Նա մեր հայ պատմագիտության լավագույն մասնագետներից էր, մեկը, որն իր  կյանքի գիտական ամբողջ գործունեությունը նվիրեց ազգի պատմությանը, Եղեռնի ճանաչմանը,  հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը: Շատ եմ ափսոսում, որովհետև Արմանը դեռ երկար տարիներ պետք է մեծ ներդրում ունենար հայագիտության զարգացման գործում»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով Կիրակոսյանի դիվանագիտական գործունեությանը` նախագահն ասաց, որ  միասին են սկսել դիվանագիտական ծառայությունը Հայաստանի երրորդ Հանրապետությունում: «ՀՀ արտաքին գործերի նախարարության ստեղծման առաջին իսկ տարիներից Արմանն այնտեղ էր, որպես նախարարի պաշտոնակատար, տեղակալ, դեսպան: ԱԳՆ մտնելիս միշտ մտածում էի, որ մտնում եմ Արմանի տուն, նրա հոր տուն»,-նշեց Սարգսյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով` խորին հարգանքի տուրք են մատուցում Արման Կիրակոսյան պետական այրին, դիվանագետին, պատմաբանին, մանկավարժին, մի մարդու, որն արժանիորեն վայելում է հայ ժողովրդի հարգանքը, սերը Հայաստանում, սփյուռքում և աշխարհում:

«Լինելով Արտաքին գործերի նախարարության հիմնադիրներից մեկը` նա ծանրակշիռ ներդրում ունի դիվանագիտական ծառայության կայացման գործում. բավական է հիշել, որ և’ երկրի, և’ համակարգի ամենածանր օրերին` 90-ականների սկզբներին, Կիրակոսյանը հանդիսացել է  Արտաքին գործերի ժամանակավոր փոխնախարար, հետո ղեկավարել է նախարարությունը:  Նրա գործունեությունը մշտապես ծավալվել է արտաքին քաղաքականության  գերակա ուղղություններում»,-շեշտեց Մնացականյանն ու հավելեց, որ Արման Կիրակոսյանը Հայաստանի  համար վճռական գործընթացներում և դրանց դիվանագիտական հատվածում արձանագրել է կարևոր ձեռքբերումներ` ուղղված տարածաշրջանում խաղաղության  և կայունության ամրապնդմանը, նա կարողացել է  հստակ ընկալել, ձևակերպել ապա հետամուտ լինել միջազգային հարաբերություններում Հայաստանի ազգային շահերին:

 

Ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանն էլ  ընդգծեց, որ Արման Կիրակոսյանի նման հրաշալի մարդիկ և լավ մասնագետները միշտ պահանջված են: «Նրա կյանքն ապացուցեց, որ, անկախ քաղաքական իրավիճակից, Կիրակոսյանն իր տեղում էր: Մենք բոլորս ժամանակավոր ենք. կարևոր է, թե ինչ հետք ենք թողնում մեզանից հետո: Նա  դիվանագիտական դպրոց թողեց: Բազմաթիվ դիվանագետներ Կիրակոսյանին ուսուցիչ են համարում: Նա օրինակ էր, թե ինչպիսին պետք է լինի աշխարհում Հայաստանը ներկայացնող պետական պաշտոնյան»,-եզրափակեց Բաբայանը:

Արման Կիրակոսյանի վերջին հանգրվանը Երևանի քաղաքային պանթեոնն է: 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 10-ին, Երևանում։ Նա մահացել է կյանքի 63-րդ տարում՝ 2019 թվականի հուլիսի 6-ին։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին