Կարևոր իրադարձություններ

Մեր պատմական փորձը բավարար է, որպեսզի դուրս գանք մեզ փոքրացրած պարտությունների ցիկլից. Նիկոլ Փաշինյան

13 Հուլիս, 2019 15:39
Մեր պատմական փորձը բավարար է, որպեսզի դուրս գանք մեզ փոքրացրած պարտությունների ցիկլից. Նիկոլ Փաշինյան

Դեբետ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանում դեմոգրաֆիական խնդրին` նշել է, որ անընդհատ այս հարցը քննարկում են, լսում տարբեր փորձագետների կարծիք, ովքեր ասում են ինչ պետք է անել:

 

«Մինչդեռ կարող ենք ընդամենը նայել մեր պատմությանը, տեսնել, թե ինչպես և ինչ պայմաններում է եղել, որ Հայաստանում բնակչության թիվը կրկնապատկվել է: Դա եղել է այն ժամանակ, երբ Հայաստանում զարգացել է արդյունաբերությունը, այո դա եղել է խորհրդային ժամանակներում, բայց դրա զարգացման հեղինակները եղել են մեր հայրերը, պապերը: Այդ շրջանում ունեցել ենք այնպիսի տիտաններ, ինչպիսիք են` Հրանտ Մաթևոսյանը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Երվանդ Քոչարը, Վահրամ Փափազյանը, Գոհար Գասպարյանը, Հրաչյա Ներսիսյանը: Ուզում եմ սրանով ցույց տալ, որ այո՛, մտածողության կերպը, տնտեսության կառուցվածքը շատ բան է փոխում մեր իրականության մեջ: Այսպիսի կենտրոնների դերը հենց դրանով է բացառիկ, որ մենք օգնում ենք մեր երեխաներին, որպեսզի հավատան իրենց, որ Հայաստանի քաղաքացին առաջին հերթին հավատա ինքն իրեն, մնացածները` նախարարները, պատգամավորներն ընդամենը իր ատացոլանքն են, որովհետև վարչապետին ինքն է ստեղծում իր պատկերով և իր նմանությամբ: Մեզ համար մեծ պատիվ է այսօր լինել մեր ժողովրդի ցանկությունների, երազանքների, ձգտումների, նպատակների, ուժի և իմաստնության արտացոլումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, նախորդ տարի Հայաստանում տեղի է ունեցել մի հեղափոխություն, որն աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ, որովհետև մեր ժողովուրդն է այդպիսին: «Երկար տարիներ Հայաստանում տեղի են ունեցել աննկատ պրոցեսներ: Հարց կծագի, թե ինչո՞ւ նման կենտրոնները չեն ճնշվել, որովհետև նրանք գործել են այլ մտածողության մեջ, օլիգարխին հետաքրքիր չի եղել մտածելը, նրանց հետաքրքիր է եղել թե ումից ինչ կարելի է խլել: Ահա այս բարձրության ներքո իրականության մեջ ստեղծվել է նոր իրականություն և դրա հեղինակը հայ ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այս կենտրոնին, բոլոր այն մարդկանց, ովքեր այդ փոփոխությունների հիմքն են դրել»,- նշել է վարչապետը` հույս հայտնելով, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը բոլոր մարզերում այսպիսի կենտրոններ կստեղծի:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այժմ եկել է սփյուռքահայ գործիչների` Հայաստանում գործունեություն ծավալելու երրորդ փուլը: Վարչապետի խոսքով` առաջինը եղել է բարեգործության, օգնություն ցուցաբերելու փուլը, երկրորդը` զարգացման ծրագրերի իրականացման, երրորդը և վճռական նշանակություն ունեցողը` Հայաստանի արդյունաբերացման փուլն է: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս փուլում ևս Սփյուռքը լինելու է շատ ավելի ակտիվ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ վերջերս որոշում է կայացրել հայրենիքին մատուցած ծառայությունների շքանշանով պարգևատրել «Տավուշ տեքստիլ»-ի հիմնադիր Սուրեն Երիցյանին, ով ծնված լինելով Տավուշում` արտագաղթել է Ռուսաստանի Դաշնություն, հիմնադրել գործարաններ և ունեցել հաջողություններ, սակայն եկել և սահմանամերձ գոտում հազարից ավելի արդյունաբերական աշխատատեղեր է ստեղծել ու այդ պրոցեսը շարունակվում է:

«Պարոն Կարո Արմեն, հեղափոխությունն ընդամենը Ձեր, Սուրեն Երիցյանի և մեր այլ գործընկերների նման մարդկանց գործունեության պտուղն է քաղել` հրապարակ բերելով կոնկրետ քաղաքական գաղափարախոսություն: Այս ամենի վերաբերյալ, բնականաբար, որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց գործել է ազգի ոչ միայն ինքապահպանման բնազդը, այլ ապրելու, հաղթելու, հզորանալու, սեփական պատմական ճակատագրի ցիկլը ճեղքելու ցանկությունը: Մեր պատմական փորձը բավարար է, որպեսզի դուրս գանք մեզ փոքրացրած պարտությունների ցիկլից: Եկել է մեր հաղթելու ժամանակը, եկել է խելքի, մտքի դարը: Մենք ունենք խելք, միտք, տաղանդ, նշանակում է` մենք հաղթելու ենք և այս կենտրոնը մեր հաղթանակի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է, այս երեխաները մեր հաղթանակի ամենամեծ հերոսներից մեկն են, որոնց աստղն ամեն օրվա հետ ավելի ու ավելի պայծառ պետք է փայլի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին