Կարևոր իրադարձություններ

Մոտ 1500 քաղաքացի կողմ է հանդիպակաց գծով վարելը քրեականացնելու նախաձեռնությունը

12 Հուլիս, 2019 13:16
Մոտ 1500 քաղաքացի կողմ է հանդիպակաց գծով վարելը քրեականացնելու նախաձեռնությունը

«Change.org» կայքում կազմակերպվել է ստորագրահավաք, որով քաղաքացիները պահանջում են ճանապարհային երթևեկության այդ խախտումը քրեականացնել։ Այս պահի դրությամբ պահանջի տակ ստորագրել է 1480 քաղաքացի:

Հիշեցնենք, որ վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարներից հետո վերոնշյալ կայքում սկսած ստորագրահավաքով քաղաքացիները պահանջում են քրեականացնել հանդիպակաց գծով վարելը:

Նրանք դիմում են ՀՀ Ազգային ժողովին՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու պահանջով: 

Պահանջին կից տեղադրված ստորագրահավաքում նախաձեռնության հեղինակները, մասնավորապես, գրել են.

«Յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք։ Որևէ մեկին այդ իրավունքից զրկողը կամ զրկելու փորձ անողը պետք է պատժվի համարժեք պատժաչափով։ Պետությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է ապահովել իր քաղաքացիների կյանքի անվտանգությունը։ 

Վարորդը, որը դիտավորյալ մտնում է հանդիպակաց երթևեկելի գոտի, ոչ միայն խախտում է օրենք, այլ վտանգում է դիմացից եկողների և իր մեքենայում գտնվողների կյանքը։ Լինի դա շտապելու կամ իրենց մյուսներից բարձր դասելու պատճառով՝ այս քայլին գնացողը պետք է դիտվի որպես մարդասպանության փորձ անող անձ։ Տեսանկարահանումների, ոստիկանների կամ վկանների օգնությամբ ձեռք բերված ապացույցներով անհրաժեշտ է այս վարորդներին պատժել։

1) Վարորդի անձը չհայտնաբերելու դեպքում նվազագույնը 1 տարով տուգանային հրապարակ տեղափոխել և օրավարձ գանձել մեքենայի համար։ Վթարի ենթարկման դեպքում կամ վարորդին, կամ մեքենայի տիրոջը (եթե մեքենայի տերը «տեղյակ չէ» թե ով է մեքենան վարել) քրեական պատասխանատվության ենթարկել։

2) Վարորդին ենթարկել պատասխանատվության՝ ՀՀ քր օրենսգրքի «մարդասպանության փորձի» հոդվածներով։

3) Հանրությանը ներկայացնել ամենօրյա թարմացվող ցուցակ՝ բոլոր վերը նշված վարորդների ու մեքենաների տվյալներով, վճարված տուգանքների, մեքենաների տուգանային հրապարակում լինելու փաստերով։

4) Տուգանքի չափը սահմանել (բացի 1-3 կետերի) նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով»:

 

Լրահոս

Դիտել ավելին