Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ը առաջարկում է քրեականացնել աշխատանքից ազատվելու դիմում տալը հարկադրելը

12 Հուլիս, 2019 00:03
ԲՀԿ-ը առաջարկում է քրեականացնել աշխատանքից ազատվելու դիմում տալը հարկադրելը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը, Շաքե Իսայանը, Իվետա Տոնոյանը, Հրանտ Մադաթյանը առաջարկում են լրացում կատարել ՀՀ քրեական օրենսգրքում,  ըստ որի՝ աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի փոխադրվելու վերաբերյալ դիմում տալը հարկադրելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի  երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից երեք տարի ժամկետով:

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 157.1 -րդ հոդվածով.

1. Աշխատանքից (հանրային ծառայության պաշտոնից) ազատվելու կամ այլ աշխատանքի (պաշտոնի) փոխադրվելու վերաբերյալ դիմում տալուն հարկադրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի  երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է

1)  երկու կամ ավելի անձանց նկատմամբ.

2) այլ անձի կամ կուսակցության օգտին որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու պահանջով՝ պատժվում է տուգանքով՝  նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»

Հոդված 2.  Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ օրը»,–ասված է օրենսդրական նախաձեռնության մեջ։

Ըստ օրենսդրական նախաձեռնության հիմնավորման՝ նախագծի նպատակն է ապահովել Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված  աշխատանքային հարաբերությունների կայունությունը,  աշխատանքային հարաբերություններում կողմերի իրավահավասարությունը, աշխատողների՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով նախատեսված  իրավունքները ոչ միայն աշխատանքից  անհիմն ազատման, այլ նաեւ աշխատանքից ապօրինի ազատման դեպքերում:

 

Լրահոս

Դիտել ավելին