Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին խուսափել լողալ Սևանա լճի այն ափամերձ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում:
«Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։
Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`
- չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում է ջրիմուռներ,
- արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
- վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:
Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:
Ուստի, ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ»,- նշված է հաղորդագրության մեջ: