Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մշտապես եղել է եվրոպական արժեքների բնօրրան. Արմեն Սարգսյանը՝ Դոնալդ Տուսկին

10 Հուլիս, 2019 20:48
Հայաստանը մշտապես եղել է եվրոպական արժեքների բնօրրան. Արմեն Սարգսյանը՝ Դոնալդ Տուսկին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախագահ Սարգսյանը ողջունել է Դոնալդ Տուսկի այցը Հայաստան եւ վստահություն հայտնել, որ նա մեծ բավականություն կստանա մեր երկիր կատարած այցից, մանավանդ որ Հայաստանն այն երկիրն է, որը կիսում է եվրոպական արժեքները։

«Հայաստանը ոչ միայն համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, այլեւ այն երկիրն է, որը մասնավորապես մշակութային առումով խորապես եվրոպական է եւ միշտ է այդպիսին եղել։ Ուստի, ավելի քան բնական է, որ ավելի մոտ ենք դառնում Եվրամիությանը։ Հայաստանը մշտապես եղել է եվրոպական արժեքների բնօրրան՝ սկսած մեր կրոնից, մշակույթից մինչեւ գրականություն ու երաժշտություն»,- նշել է նախագահ Սարգսյանը։

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում հարաբերությունները Եվրամիության հետ ավելի կսերտանան եւ կխորանան։ «Մենք դրա համար մեծ ներուժ ունենք»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը: Նա Դոնալդ Տուսկին հրավիրել է Հայաստան այցելել նաեւ ընտանիքի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ սա իր երրորդ այցն է Հայաստան։ «Ես ինձ զգում եմ ինչպես տանը»,- նշել է նա։

Առանձնազրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն օրակարգային մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաեւ անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին