Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն արդյունավետ, կառուցողական է գնահատում Տուսկի հետ հանդիպումը. նա ուղերձ է հղել ԵՄ երկրներին

10 Հուլիս, 2019 12:51
Փաշինյանն արդյունավետ, կառուցողական է գնահատում Տուսկի հետ հանդիպումը. նա ուղերձ է հղել ԵՄ երկրներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումը հրավիրված մամուլի ասուլիսում բարձր գնահատեց և նշեց, որ իրենց բոլոր շփումները շատ տպավորիչ են եղել՝ անցնելով բարեկամության և կառուցողական երկխոսության մթնոլորտում:

«Ունեցանք արդյունավետ քննարկում, անդրադարձանք Հայաստան-ԵՄ հարաբերություներին վերաբերող հարցերի լայն շրջանակին: Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այսպես կոչված, սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ: Ես վերահաստատեցի օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը: Հանդիպման ընթացքում խոսեցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատական համակարգ կառուցելու ուղղությամբ մեր գործադրած ջանքերը: Ընդգծեցի, որ Հայաստանը այդ հարցում մեծապես կարևորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում, ԵՄ աջակցությունը և հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող աջակցության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը: Երկուստեք նշվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը: Վարչապետի խոսքով, տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է Հայաստան-ԵՄ զարգացմանն, այլև օգնելու  է Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Այս առումով, ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարության գերատեսչությունները ԵՄ համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը:

«Մենք անդրադարձանք մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին: Իմ կողմից նշվեց Հայաստանի շահագրգռվածությունն այս հարցում հատկապես միջանձնային շփումների ընդլայնման անհրաժեշտության տեսանկյունից: Ես դիմեցի պարոն Տուսկին ԵՄ անդամ պետություններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով»,-ասաց ՀՀ վարչապետը:  

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արևելյան գործընկերությանը, որն այս տարվա մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:

«Մենք զրուցեցինք նաև տարածաշրջանային խնդիրների մասին: Երախտագիտություն հայտնեցի ԵՄ կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը պաշտպանելու համար: Համոզվածություն հայտնեցի ԵՄ այս կեցվածքի շարունակականության հարցում»,-ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին