Կարևոր իրադարձություններ

Լևոն Երանոսյանը ցանկանում է մեկնել ՌԴ՝ բուժման նպատակով. դատական նիստը հետաձգվել է

09 Հուլիս, 2019 22:30
Լևոն Երանոսյանը ցանկանում է մեկնել ՌԴ՝ բուժման նպատակով. դատական նիստը հետաձգվել է

Այսօր, հուլիսի 9-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատավարությունը։ Գրում է Azat.tv-ն: Ներկայումս դատաքննության փուլն է, որի շրջանակներում հետազոտվում են գրավոր ապացույցները։

Դատը երկար չտևեց։ Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդություն ներկայացրեց դատարան` իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին արգելանքը սույն թվականի հուլիսի 18-ից սկսած երկու շաբաթ ժամկետով հանելու վերաբերյալ, քանի որ ամբաստանյալը ցանկանում է բուժման և հանգստի նպատակով մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Պաշտպանական կողմից ներկայացված միջնորդությանը մեղադրող և տուժող կողմերը առարկեցին` հիմնավորելով, որ վստահ չեն, թե ամբաստանյալը պատշաճ կերպով կներկայանա հետագա դատական նիստերին:

Դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 16-ին, որի ժամանակ նախատեսվում է քննարկել պաշտպանական կողմից` Տիգրան Սաֆարյանի ներկայացրած միջնորդությունը բավարարելու հարցը: Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս: Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Սույն գործով տուժողներից են նաև ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին