Կարևոր իրադարձություններ

Georgian Airways-ը Ռուսաստանից 40 հազար ուղեւորի Վրաստան կտեղափոխի Երևանով

06 Հուլիս, 2019 20:54
Georgian Airways-ը Ռուսաստանից 40 հազար ուղեւորի Վրաստան կտեղափոխի Երևանով

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի թռիչքի տոմսեր ձեռք բերած ուղևորներին կառաջարկի Վրաստան հասնել այլընտրանքային՝ Թբիլիսի-Երևան- Մոսկվա թռիչքուղով: Ինչպես գրում է apsny.ge կայքը, այս մասին հայտնել է ավիաընկերության կոմերցիոն փոխտնօրեն Թամունա Թանդաշվիլին:

Նշենք, որ հուլիսի 8-ից ուժի մեջ կմտնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը, որի համաձայն ռուսական ավիաընկերություններին արգելվում է օդային փոխադրումներ իրականացնել Ռուստաստանից դեպի Վրաստան: Նույն օրն ուժի մեջ կմտնի ՌԴ տրանսպորտի նախարարության՝ երկրի տարածքում վրացական ավիաընկերությունների չվերթները դադարեցնելու մասին որոշումը:

Թանդաշվիլիի խոսքով՝ հուլիսի 8-ից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածի համար Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթների տոմս է ձեռք բերել 40 000 մարդ:

«Մեր ավիաընկերությունը մեր գործընկեր հայկական ավիաընկերության հետ որոշել է համապատասխանաբար Երևանով անցնող այլընտրանքային թռիչքուղի առաջարկել»,- ասել է նա:

Հաղորդվում է, որ ուղևորները կկարողանան տոմսերը փոխել առանց հավելյալ վճարումների, ընդ որում՝ հուլիսի 8-ից օրական երկու անգամ Թբիլիսի-Երևան-Մոսկվա չվերթ կիրականացնի: Այլընտրանքային ճանապարհը ավիափոխադրողի ֆինանսական ծախսերը կմեծացնի 10-15%-ով:

 

Լրահոս

Դիտել ավելին