Հուլիսի 6-ին Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը՝ Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նշել է, որ հայ և կիպրացի եղբայրական ժողովուրդները միասին կերտել են դարերի հարուստ պատմություն ունեցող ամուր բարեկամություն, որը բխում է համամարդկային ընդհանուր արժեքներին փոխադարձ հավատարմությունից։ Երկու ժողովուրդները սերտորեն կապված են նույնանման արժեհամակարգով, ընդհանուր պատմությամբ և մշակույթով։
Այցի շրջանակներում Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այցելել է նաև Մելքոնյան կրթական հաստատություն, ծանոթացել կրթահամալիրի ներկա վիճակին, զրուցել կրթահամալիրի բակում նախկին շրջանավարտների կողմից կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցների հետ։ Ազգային Ժողովի նախագահը լսել է կրթահամալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ նրանց մտահոգությունները և խոստացել ավելի խորը ծանոթանալ խնդրի մանրամասներին։
Արարատ Միրզոյանը այցելել է նաև Նիկոսիայի Նարեկ հայկական վարժարան, ուր հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկել ելույթով, պատասխանել ներկաների հարցերին։