ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 6-ին այցելել է Վիետնամի արյան փոխներարկման ազգային ինստիտուտ։
Ավելի ուշ Նգյուեն Հա Թանի և ինստիտուտի բժշկական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի գործունեությունը։ ‹‹Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին հաղթահարել հիվանդությունը։ Հենց դա է պատճառը, որ տարբեր երկրներ այցելությունների ժամանակ անպայման այցելում եմ նմանօրինակ կենտրոններ, որպեսզի Ձեր հաջողված փորձը տանեմ Երևան››,- ասել է Աննա Հակոբյանը՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը։
‹‹Շնորհակալ ենք Ձեր այցի և այն նվերների համար, որ դուք բերել եք մեր երեխաներին։ Մենք միշտ համարել ենք Հայաստանը բարեկամ երկիր և մենք էլ լիահույս ենք, որ այս այցը կնպաստի ապագա համագործակցությանը››,- ասել է Նգյուեն Հա Թանը։
Արյան փոխներարկման ազգային ինստիտուտում տարեկան բուժում է 1200 պացիենտ, ևս 3000 պացիենտ բուժումը ստանում է տան պայմաններում։ Ինստիտուտում հիվանդությունը հաղթահարում է հիվանդների 80 տոկոսը։