Կարևոր իրադարձություններ

Նախագահը հանդիպել է ծառայություն անցկացնող զինվորների եւ հրամանատարների հետ

05 Հուլիս, 2019 19:34
 Նախագահը հանդիպել է ծառայություն անցկացնող զինվորների եւ հրամանատարների հետ

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօ՝ հուլիսի 5-ին, այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր:

 Նախագահը հանդիպել է ծառայություն անցկացնող զինվորների եւ հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում եւ ծանոթացել ծառայության պայմաններին, մարտական պատրաստականության վիճակին:

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորելով հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին՝ նախագահը մասնավորապես նշել է, որ իր համար իսկապես մեծ ուրախություն եւ պատիվ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը գտնվել սահմանին: «Ձեզնից յուրաքանչյուրը, դուք պաշտպանում եք ոչ միայն մեր սահմանը, այլ նաեւ՝ Սահմանադրությունը, մեր հայրենիքը, ձեր հարազատներին, ընտանիքները, երեխաներին, մայրերին, մեզ բոլորիս: Ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ՝ հասկանալով, որ այս դիրքերը մեր հայրենիքի պաշտպանության կարեւորագույն վայրերն են: Հեշտ չէ ամառվա շոգին եւ ձմեռվա ցրտին ամեն օր, 24 ժամ ծառայություն իրականացնել,-ասել է նախագահը։- Ես, որպես Հանրապետության նախագահ, ուզում եմ բոլորի կողմից ձեզ խորին շնորհակալություն հայտնել եւ ասել, որ մենք հպարտ ենք ձեզնով: Սպասում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը կշարունակի կատարել իր պարտականությունը, կպահպանի եւ կպաշտպանի իր հայրենիքը, կպահպանի եւ կպաշտպանի խաղաղությունը:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարի ծառայություն: Ամուր եղեք: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ մեզ բոլորիս այսօրվա տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Բարի ծառայություն»:

Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողներ բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգեւատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով: Նախագահի անունից նաեւ հանձնվել են նվերներ:

 

Լրահոս

Դիտել ավելին