Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    533,5
    541,5

  • RUB

    7,51
    7,71

Կարևոր իրադարձություններ

Կարևոր զարգացումներ ՀՀ-ի համար՝ արտաքին քաղաքական ուղղությամբ. «Ժամանակ»

05 Հուլիս, 2019 09:48
Կարևոր զարգացումներ ՀՀ-ի համար՝ արտաքին քաղաքական ուղղությամբ. «Ժամանակ»

«Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները անկասկած կլանում են հանրային ուշադրության, մեդիա-փորձագիտական շրջանակների հետաքրքրության մեծ մասը: Մինչդեռ այս օրերին ոչ պակաս կարևոր զարգացումներ են տեղի ունենում նաև արտաքին ուղղությամբ, և խոսքն անշուշտ լոկ «ավանդական» արտաքին քաղաքական օպերատիվ ուղղությունների մասին չէ:

 

Եվրամիությունում ձևավորվում է այդ կառույցի նոր ղեկավարությունը, ինչը թվում է, թե Հայաստանի համար ընթացիկ հետաքրքրության և կենսականության հարց չէ, սակայն խորքային առումով կանխորոշելու է նաև Հայաստան-ԵՄ հարաբերության առաջիկա 2-25 տարիների ընթացքը, իսկ գուցե նաև ավելի երկարաժամկետ հեռանկարը՝ հաշվի առնելով, որ նոր եվրոպական ղեկավարությունը ձևավորվում է եվրոպական ճգնաժամի և նոր եվրոպական հարաբերությունների որոնման փուլում: 

Ըստ այդմ՝ չի բացառվում, որ հենց այս ղեկավարությանն է բաժին ընկնելու կազմավորել եվրոպական ներքին նոր փոխհարաբերությունների, ըստ այդմ՝ արտաքին գործընկերների և հարևանների հետ նոր հարաբերությունների համակարգը: Իսկ խոսել այն մասին, թե ինչպիսի կարևոր աշխարհաքաղաքական ուղղություն և դերակատար է Եվրամիությունը Հայաստանի համար, անգամ ճգնաժամային պայմաններում, նշանակում է չխոսել ոչինչ:

Այդպիսով, Եվրախորհրդարանի ընտրությունից հետո Եվրամիության հանձնաժողովի կամ, այլ կերպ ասած, եվրակառավարության ձևավորման գործընթացում առկա են առաջադրումներ, և այդ համատեքստում Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում կատարվել է բավականին հետաքրքիրը: Այդ պաշտոնի համար առաջադրվել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Պետք է նկատել, որ Հայաստանի համար դա թերևս բավականին ողջունելի առաջադրում է՝ մի շարք պատճառներով:

 

Ընդհանուր առմամբ Գերմանիայի ներկայիս իշխող ուժի ներկայացուցչի նշանակումը ԵՄ փաստացի վարչապետի պաշտոնում բավականին կարևոր է հայ-գերմանական հարաբերության վերջին տարիների դինամիկ բարելավման և խորացման ֆոնին, ինչը շարունակվում է նաև թավշյա հեղափոխությունից հետո և մեկ տարվա ընթացքում արտահայտվել է հայ-գերմանական ամբողջ երկու բարձր մակարդակի հանդիպումով՝ Փաշինյան-Մերկել, Երևանում և Բեռլինում: Ընդ որում, այդ հանդիպումները տպավորիչ էին ոչ միայն քաղաքական, այլ նաև միջանձնային անտուրաժի տեսանկյունից: Իսկ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գերմանական մամուլում համարվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «հավատարիմ զինակից»:

Հաշվի առնելով այն, որ Մերկելը պատրաստվում է թողնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը, և նկատի ունենալով թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետի և Մերկելի միջև ձևավորված միջանձնային բավականին դրական միջավայրը, բավականին շահեկան է, որ Մերկելի հեռանալու պարագայում Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնին է նրա հավատարիմ զինակիցը: Դա թույլ կտա ապահովել ձևավորված միջավայրի որոշակի շարունակելիություն արդեն ոչ միայն հայ-գերմանական, այլև Հայաստան-ԵՄ մասշտաբում: Դա հնարավորություն է, որ Հայաստանը կարող է օգտագործել:

Եվ, ի վերջո, Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունն ուշադրության և դրական տոնայնության տեղիք է տալիս այն համատեքստում, որ Հայաստանի զինված ուժերը արդեն մեկ տասնամյակից ավելի հենց գերմանական ստորաբաժանումների կազմում են իրականացրել ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանն իրենց մասնակցությունը թեժ կետերից մեկում՝ Աֆղանստանում: Դա անշուշտ հայ-գերմանական ռազմական խոշորագույն գործակցություն չէ, սակայն մյուս կողմից՝ հայկական ստորաբաժանումների ծառայությունը մշտապես արժանացել է գերմանացիների դրվատանքին, իսկ դա չէր կարող աննկատ լինել նաև Գերմանիայի պաշտպանության նախարարի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին