Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը Բրյուսելում մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) 23-րդ ընդհանուր ժողովին: Միջոցառմանը մասնակցել են կառույցին անդամակցող 44 երկրների հարկային մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ընդհանուր ժողովի տեխնիկական նստաշրջանն անցել է «Արդյո՞ք հարկային մարմինները պատրաստ են վաղվա հարկային ծառայողին» կարգախոսի ներքո: Նիստին քննարկվել են հարկային մարմինների կադրերի կառավարման ոլորտում միջազգային միտումները, հարկային ծառայողների գործունեության գնահատման համար կիրառվող արդիական մոտեցումները, պատրաստվածության և առաջնորդության խթանման խնդիրները, հարկային ծառայության գրավչության բարձրացման ուղիները: