Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի նախկին մարզպետի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

04 Հուլիս, 2019 17:39
Արագածոտնի նախկին մարզպետի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքը հաստատվել է, և գործն ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրանքի` Սարգիս Սահակյանը, զբաղեցնելով Արագածոտնի մարզպետի պաշտոնը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի արդյունքում էական վնաս է հասցրել պետության օրինական շահերին։

Սարգիս Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել «Ստորագրություն չհեռանալու մասին»: Գործը մակագրվել է դատավոր Սուրեն Մնոյանին:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2015թ․ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30,000,000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2015թ․ սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է 21 մլն 100 հազար դրամի շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագիր։ 4 օր հետո, մարզպետի կարգադրությամբ ձևավորվել է շինարարական օբյեկտների աշխատանքին հետևող հանձնաժողով։ Նախնական տվյալներով՝ որոշ ժամանակ անց «Գրէդշին» ընկերության տնօրինությունը իրականությանը չհամապատասխանող հավելագրումներ կատարելով՝ պատրաստել է շինարարական աշխատանքները ավարտելու վերաբերյալ կեղծ ավարտական ակտ։ Արդյունքում՝ «Գրէդշին» ընկերությունը յուրացրել է 10 մլն 660 հազար դրամ։

Նշենք, որ Սնանկության դատարանը «Յունիբանկ»-ի դիմումի հիման վրա «Գրէդշին» ՍՊԸ-ին հունիսի 4-ին ճանաչել է սնանկ: Ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի 2019թ. մարտի 25-ին դատարան ներկայացրած տեղեկանքի՝ «Գրէդշին» ՍՊԸ-ի ընդհանուր պարտքը տեղեկանքի տրման օրվա դրությամբ կազմել է 146 հազար 636 ԱՄՆ դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին