Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Ռուսաստանը կանցկացնեն զորավարժություններ, որոնցից երկուսը կլինի մասշտաբային

04 Հուլիս, 2019 10:24
Հայաստանն ու Ռուսաստանը կանցկացնեն զորավարժություններ, որոնցից երկուսը կլինի մասշտաբային

«Արմենպրես»-ը գրում է.

Հայաստանն ու Ռուսաստանն այս տարի համատեղ անցկացնելու են մի քանի պլանային զորավարժություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այդ զորավարժություններից երկուսը լինելու են առավել մասշտաբային: Շեշտադրումները տարբեր են հարձակվողական, պաշտպանողական»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, փորձագետ Վաղարշակ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դրանք պլանավորած միջոցառումներ են: Ամեն տարի ստորագրվում են փաստաթղթեր հայ-ռուսական համագործակցության և ՀԱՊԿ-ի շրջանակներում, որոնցով նախատեսվում են նաև զորավարժություններ: Մյուս կողմից նման միջոցառումներ անցկացնելիս հաշվի են առնվում տարածաշրջանային զարգացումները, գործողությունները:

«Մենք շատ լավ հետևում ենք և տեսանք ադրբեջանաթուրքական զորավարժությունները: Այս տարի երկու անգամ անցկացվել է, նաև՝ Նախիջևանում, որը շատ կարևոր ուղղություն է մեզ համար: Եվ ահա Հայաստան-Ռուսաստան զորավարժությունները պետք է դիտել նաև այդ տեսանկյունից»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը: Նա նկատեց, որ զորավարժությունների առաջին խնդիրը զորքերի պլանային պատրաստումն է, մյուսը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի արձագանքը: Այդ համատեքստում առաջնային հարցերից է ագրեսիայի դեպքում Հայաստանի անվտանգությունն ապահովելը:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ եղել է ժամանակ, որ լարվածությունը նվազել էր, հիմա մի քիչ ավելացել է:

«Այդ ընթացքը, կարծես, ընդհանուր գծի մեջ է, ինչպես մենք տեսնում ենք, լարվածությունը մեկ ավելանում է, մեկ՝ իջնում: Ինչ վերաբերում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա ներկայում նման բան չեմ տեսնում: Նախապայմաններ, որոնք թույլ կտան Արդբեջանին սկսել ռազմական գործողություններ, ես հիմա չեմ տեսնում: Անկախ ամեն ինչից, մենք պետք է լինենք միշտ պատրաստ պատերազմին, որովհետև դա բացառել հնարավոր չէ: Պատերազմը կանխելու լավագույն ձևը հենց պատերազմին պատրաստ լինելն է»,-ասաց նա:

Հարցին, թե միջազգային ճնշումները Մոսկվայի վրա, Ռուսաստանի արտաքին խնդիրների խորացումը որքանով կարող է նվազեցնել Ռուսաստանի ուշադրությունը Կովկասի նկատմամբ, Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանի համար Կովկասը չափազանց կարևոր է:

«Սիրիայի դեպքում մենք ինչ տեսանք, երկիրը Ռուսաստանի սահմաններից հեռու է, սակայն լինելով կարևոր տարածաշրջան՝ Ռուսաստանը մտավ անմիջական գործողությունների մեջ: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին , ապա այն հենց իր սահմաններին մոտ է և չափազանց կարևոր է»,-հավելեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին