Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը զրուցել է կարևոր նիստը բաց թողած պատգամավորների հետ. «Ժողովուրդ»

04 Հուլիս, 2019 09:30
 Արարատ Միրզոյանը զրուցել է կարևոր նիստը բաց թողած պատգամավորների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մոսկվայում տեղի է ունեցել «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումը կրող համաժողով, որին մասնակցել են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են եղել նաեւ մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, այդ թվում` պատվիրակություն Հայաստանից:

Ընդ որում, Հայաստանն ավելի լայն մասնակցություն է ունեցել եւ, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցել է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ուշագրավն այն է, որ Հայաստանի համար ամենակարեւոր քննարկումներից մեկի ժամանակ Ազգային ժողովի պատվիրակությունից ոչ ոք դահլիճում չի եղել, անգամ խորհրդարանական ընդդիմադիրները, եւ, հետեւաբար, չեն արձագանքել ելույթներին:

Մասնավորապես, խոսքն այն քննարկման մասին է, որի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը ՀՀ-ին եւ Արցախը թիրախավորած խիստ ելույթներ է ունեցել:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ստիպված է եղել միայնակ պատասխանել արդբեջանական հարձակմանը:

Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իշխանական պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Անուշ Բեղլոյանը, ԲՀԿ-ից` Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, ԼՀԿ-ից էլ` Էդմոն Մարուքյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվայում համաժողովի ժամանակ փոքրիշատե միայն ընդդիմադիր պատգամավորներն են ակտիվ եղել, մասնակցել այլ սեկցիաների, սակայն ադրբեջանական հարձակմանը անգամ նրանք ներկա չեն եղել: Պատվիրակության անդամները այնտեղ ավելի շատ առանձին եւ մասնավոր հանդիպումներ են ունեցել, եւ անգամ ռուսական կողմի ներկայացուցիչներն են տարակուսանք հայտնել հայ պատգամավորների պասիվությունից եւ նման կարեւոր նիստերը բաց թողելու փաստի առիթով:

Հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այդ նիստը բաց թողնելու մասով զրուցել է պատվիրակության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Նարեկ Մկրտչյանը նշեց. «Այն ժամանակ, երբ թիրախավորված ելույթ է եղել, մենք` այդ թվում նաեւ ընդդինության պատգամավորները, մյուս սեսիաներում արդեն ելույթներ էինք ունենում կամ արդեն նախապես պայմանավորված հանդիպումների էինք : Այդ թեմայով Միրզոյանի հետ փոքրիկ զրույց ունեցել ենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին