Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է Արցախի շփման գծում կրակի դիտարկման սարքեր տեղադրելու առաջարկը

03 Հուլիս, 2019 23:41
ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է Արցախի շփման գծում կրակի դիտարկման սարքեր տեղադրելու առաջարկը

Հուլիսի 3-ին Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել տեղում իրականացված ու շարունակվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են արել՝ կոչ անելով կողմերին զերծ մնալ դիպուկահարների կիրառումից ու ինժեներական աշխատանքներից:

Հանդիպումից հետո սահմանին իրավիճակը մեկշաբաթյա էսկալացիայից հետո հանդարտվել է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա «զրոյական» հաշվետվություններ է տալիս: Ինժեներական աշխատանքները, սակայն, շարունակվում են:

Հուլիսի 8-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդրական հանձնաժողովը քննարկելու է կոնգրեսական Ջուդի Չուի առաջարկը արցախյան եւ ադրբեջանական զորքերի շփման գծին կրակի դիտարկման սարքեր տեղադրելու, ԵԱՀԿ առաքելության դիտորդների թիվն ավելացնելու, առաջնագծից դիպուկահարներին, ծանր ռազմատեխնիկան եւ ժամանակակից սպառազինությունը հետ քաշելու մասին:

2015 թվականին նմանատիպ առաջարկով Սպիտակ տանն էին դիմել կոնգրեսականներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելը: 100 այլ կոնգրեսականներ ու Պետդեպն աջակցություն էին հայտնել առաջարկին: Բայց հետո տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, եւ մայիս-հունիսին այդ նախաձեռնությունը դարձավ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների օրակարգի գլխավոր թեման:

Եթե առաջարկներն ընդունվեն, հնարավոր կլինի խոսել արցախյան հակամարտության գոտում անվտանգության միջազգային երաշխիքների մասին մինչեւ հակամարտության քաղաքական կարգավորումը: Վերլուծաբանները պնդում են, որ այդ մեխանիզմները թույլ կտան նաեւ «միջանկյալ» պայմանավորվածությունների հասնել, օրինակ՝ հաղորդակցությունների մասնակի բացման:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ըստ ամենայնի, կոնսենսուսի են հասել Արցախում ռազմական գործողություններ թույլ չտալու հարցում: Ադրբեջանի պաշտպանության նախարարը բաց տեքստով խոստովանել է դա՝ հայտարարելով, որ միջազգային իրադրությունը Բաքվին թույլ չի տալիս պատերազմ սկսել:

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ֆրանսիայից սպառազինություն գնելու Ադրբեջանի մտադրության մասին տեղեկությունը, ասել է. «Փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և նաև Ֆրանսիան երբեք Արդբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան իսկապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, ինչպես նաև տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը»:

Ադրբեջանական լրատվամիջոցներն այս օրերին գրում են, որ Ռուսաստանը նույնպես շահագրգռված չէ ռազմական հավասարակշռության խախտմամբ: Ադրբեջանական թերթերից մեկը գրում է, որ ՌԴ-ն, ըստ «արտահոսքերի», հրաժարվել է Ադրբեջանին Բալ-Է առափնյա հրթիռային համալիրներ մատակարարել՝ զգուշանալով, որ Ադրբեջանը դա կօգտագրոծի Ղարաբաղում: Կա նաեւ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների հայտարարությունը, որ Մոսկվան «միջոցներ կձեռնարկի», որ Ադրբեջանը չկարողանա ռուսական զենքն օգտագործել Ղարաբաղում:

«Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն նկատում է, որ երբ Ռուսաստանի նախագահը Դմիտրի Մեդվեդեւն էր, ակտիվորեն զբաղվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: «Երեք տարվա ընթացքում նա Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների մոտ 10 հանդիպում է կազմակերպել: Հնարավոր է, նա նպատակ ուներ լուծել այս հակամարտությունը: Բայց Մեդվեդեւն ամեն ինչ չէր որոշում Կրեմլում: Ռուսաստանում գոյություն ունեին որոշակի ուժեր, որոնք ազգայնական դիրքերից էին հանդես գալիս եւ համարում էին, որ Մոսկվան պետք է աջակցի Երեւանին: Հիմա Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինն է, նրան չի հետաքրքրում Ղարաբաղը», – ասում է Շահինօղլուն:

 

Լրահոս

Դիտել ավելին