Կարևոր իրադարձություններ

Թթի փառատոնը՝ զբոսաշրջիկներին Հայաստան բերելու ևս մեկ միջոց

03 Հուլիս, 2019 18:07
Թթի փառատոնը՝ զբոսաշրջիկներին Հայաստան բերելու ևս մեկ միջոց

Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու նպատակով շատ կարևոր է փառատոների անցկացումը՝ որպես մշակութային արժեքների պահպանման կարևոր մեխանիզմ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը։ Վերջինս նշեց, որ այն արժեքները, որոնք կան մեր համայնքներում շատ կարևոր մշակութապահպան գործառույթ ունեն, սակայն դրան զուգահեռ առկա է նաև դրանք բացահայտելու և տարածելու խնդիր։

«Դրանք տարածելու լավագույն տարբերակը փառատոներում դրանք ներկայացնելն է։ Այս միջոցառումները զարկ են տալիս նաև ներքին զբոսաշրջության զարգացմանը: Տուրօպերատորների կողմից մեծ հետաքրքրություն է դրսևորվում։ Հայաստանում փառատոների բազմազանություն կա, 30-ից ավելի փառատոներ արդեն գրանցված են որպես ավանդական միջոցառումներ, իսկ դրանց հիմնական մասն անցկացվում է մարզերում:

Սա խոսում է այն մասին, որ զբոսաշրջությունը հնարավորինս ապակենտրոնացվում է»,- ասաց  Ոսկանյանը՝ շեշտելով, որ փառատոները նպաստում են համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը և բնակիչները մեծ ուրախությամբ են մասնակցում։ Ասուլիսին  ներկա «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն էլ, շեշտելով  փառատոների կարևորությունը, հիշեցրեց, որ համայնքներում կան գեղեցիկ թթի այգիներ, որտեղ էլ անցկացվելու է փառատոներից մեկը՝ թթի փառատոնը։ «Փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափ տալու արարողությամբ:

Մրցույթի հաղթողներին կտրվեն մրցանակներ: Փառատոնի շրջանակներում իրենց ապրանքները, ձեռագործ աշխատանքները, ավանդական ուտեստները, թթից պատրաստված օղին, դոշաբը, մուրաբան, չիրը և բերքն ու բարիքներն են ներկայացնում ինչպես տեղի,  այնպես էլ շրջակա համայքների բնակիչները»,- ասաց Նունե Մանուկյանը։ Նշենք, որ թթի փառատոնը տեղի կունանա Քարահունջ գյուղում՝ հուլիսի 6-ին։   


 

Լրահոս

Դիտել ավելին