Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍՆ-ն կանդրադառնա ուսուցիչների հետ ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքվելու երեւույթին

03 Հուլիս, 2019 17:04
ԿԳՄՍՆ-ն կանդրադառնա ուսուցիչների հետ ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքվելու երեւույթին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը չի բացառում, որ գերատեսչությունն ինչ-որ կերպ անդրադառնա կրթության եւ գիտության ոլորտում աշխատողների հետ կնքվող ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի երեւույթին, ինչը տարածված ու շատ դեպքերում էլ «Աշխատանքային օրենսգրքի» խախտում է, բայցեւ՝ աշխատողներին ազդեցության գոտում պահելու գործուն միջոց:

Վերջին անգամ խնդրի վրա ուշադրություն էր հրավիրել Մատենադարանի աշխատողների արհեստակցական միությունը՝ հասնելով նրան, որ Մատենադարանի ղեկավարությունը խոստացել է գիտաշխատողների հետ կնքված պայմանագրերը դարձնել անժամկետ:

«Այդ խնդրին չենք անդրադարձել, բայց դրան ես ինքս համալսարանում բախվել եմ, երբ որ 11 տարի շարունակ անընդհատ երկարացվել է պայմանագիրը: Դա, իհարկե, նախորդ համակարգում թույլ էր տալիս ռեկտորներին եւ դեկաններին ազդեցություն ունենալ այս կամ այն դասախոսի վրա եւ անցանկալի՝ «պերսոնա նոն գրատա» դասախոսներին դուրս թողնել համալսարանից: Ենթադրում եմ, որ բուհերը հիմա արդեն կանցնեն լիարժեք մրցութային համակարգին, մրցույթները լիարժեք կանցկացնեն, եւ դասախոսները գոնե ինչ-որ ժամկետով ապահովագրված կլինեն»,- «Հայկական ժամանակին» ասաց Արայիկ Հարությունյանը:

Օրենսդրությամբ նախատեսվում է, որ մրցույթում հաղթող դասախոսների հետ աշխատանքային պայմանագիր պետք է կնքվի մինչեւ հինգ տարի ժամկետով:

Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նախարարը պատասխանեց. «Ուսուցիչերների հարց չենք քննարկել: Կանդրադառնանք»:

 

Լրահոս

Դիտել ավելին