Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ ու հրավիրել Հայաստան

02 Հուլիս, 2019 20:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ ու հրավիրել Հայաստան

Մոսկվայում հուլիսի 1-2-ը ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով իր գործընկերոջը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության եւ փոխադարձ վստահության վրա, ինչը լավ հիմք է երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարային ծրագրեր կյանքի կոչելու համար: Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Ներկայացուցիչների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Սեսիլիա Բոտինոն տեղեկացրել է, որ ընտրվելուց հետո արդեն իսկ հասցրել է հանդիպել հայ համայնքի հետ, որը մեծ դեր ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Նա նշել է, որ իր երկրի խորհրդարանում ամեն տարի իրականացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել ուրուգվայցի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշման համար: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում արդեն իսկ ձեւավորվել է Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խումբը՝ հույս հայտնելով, որ վերջինս ակտիվ գործունեություն կծավալի:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հայ խորհրդարանականների հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ մոտ օրերս Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը եւս նոր զարկ կտա երկու երկրների միջեւ բազմոլորտ հարաբերություններին:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը հրավիրել է Սեսիլիա Բոտինոյին այցելել Հայաստան:

 

Լրահոս

Դիտել ավելին