Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել են Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական որոշումների հիմքերը

02 Հուլիս, 2019 19:34
Հրապարակվել են Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական որոշումների հիմքերը

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումները։

Ըստ այդմ, դատավոր Արմեն Դանիելյանը, որոշելով կալանավորել երկրորդ նախագահ Քոչարյանին, եզրահանգում է, որ ազատության մեջ մեղադրյալ Քոչարյանը գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով կխոչընդոտի արդարադատության իրականացմանը։ Երկրորդ որոշմամբ դատավորը, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, գործի վարույթը ակսեցնելու մասին, որոշել է այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունից այնտեղից, որտեղից այն ընդհատվել է։

Հիմնավորելով Քոչարյանին կալանավորելու իր որոշումը՝ Վերաքննիչ դատարանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանահատումների, ինչպես նաև արտերկրում գործունեություն ծավալելու վերաբերյալ առկա տեղեկատվության համակցությունը բավարար հիմք է տալիս համաձայնելու դատախազի և տուժող կողմի հետևությանը մեղադրյալի քննությունից թաքնվելու հավանականության մասին:

Արմեն Դանիելյանը նաև պնդում է, որ առկա են փաստական տվյալներ, որ Քոչարյանն առնչություն ունի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ։

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որևէ խափանման միջոցի, այդ թվում նաև` անձնական երաշխավորության կիրառումը գործուն երաշխիք համարվել չի կարող։

Ավելի քան մեկ ամիս առաջ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն էին անձամբ երաշխավորել, որ ազատության մեջ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ՝ վճարելով ընդհանուր առմամբ 1 միլիոն դրամ։

Վերաքննիչի երկրորդ որոշումն առնչվում է Քոչարյանի քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու՝ առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Արմեն Դանիելյանը բեկանելով այս որոշումը՝ եզրահանգում է, որ այդ դատական ակտը կայացվել է իրավական տարբեր պահանջների խախտմամբ:

Դանիելյանը շեշտել է, որ թեև առաջին ատյանի դատավոր Գրիգորյանը նշել է, որ հետազոտել է այս քրեական գործի նյութերը, մինչդեռ, քննարկվող հարցը կողմերի մասնակցությամբ ըստ էության չի քննվել և որ դատական նիստ չի հրավիրվել:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին