Կարևոր իրադարձություններ

Կարևոր խորհուրդներ լողափ մեկնողներին. Shantnews.am

30 Հունիս, 2019 23:46
Կարևոր խորհուրդներ լողափ մեկնողներին. Shantnews.am

Ամառային արձակուրդներին շատերը մեկնում են ծովափնյա հանգստի, բայց հաճախ չեն կողմնորոշվում, թե ինչ է հարկավոր ձեռքի տակ  ունենալ ծովափին:

 Shantnews.am-ը ներկայացնում է լողափին անհրաժեշտ իրեր տանելու ցանկ:

Նախ եկեք հասկանանք, թե որ ժամերին է խորհուրդ տրվում գտնվել լողափում։

Արևայրուքի ժամեր

Բժիշկները խորհուրդ են տալիս արևայրուք ընդունել առավոտյանը ժամը 7:00-ից մինչև 12:00-ն, այնուհետև երեկոյան 17:00-ից մինչև մայրամուտ: Ցերեկային ժամերին արևի տակ գտնվելը վնաս է առողջությանը և կարող է քաղցկեղ առաջացնել:

Ընդ որում, վերը նշված ժամերին արևայրուք ընդունելիս հարկավոր է նախապես հասկանալ Ձեր առողջական վիճակը: Արևի տակ երկար պառկել չի թույլատրվում հղիներին, փոքր երեխաներին, տարեցներին, մաշկային և ճնշման խնդիր ունեցող մարդկանց:

Բացի դրանից, գիտնականնները խորհուրդ են տալիս օգտագործել արևապաշտպան քսուքներ, ակնոց, գլխարկ և հաճախակի մտնել ջուրը:

Ի դեպ, նշենք, որ ջրում մնալով մարդն ավելի արագ է արևայրուք ընդունում, քան արևի տակ պառկած, բացի դրանից, դա ավելի անվտանգ  է:

Մեկ այլ խորհուրդ ևս. եթե որոշել եք արևին պառկել, ապա 15 րոպեն մեկ փոխեք Ձեր դիրքը, այդպիսով՝ համ արևայրուքը կլինի համաչափ, համ էլ չեք այրվի:

Ի՞նչ տանել լողափ

Արևապաշտպան քսուքներ

Նախկինում մասնագետները նշում էին, որ արևապաշտպան քսուքները հարկավոր է օգտագործել միայն հանգստյան առաջին օրերին, սակայն վերջին տարիներին օզոնային շերտի քայքայումից և արևի ճառագայթների ազդեցության հետազոտություններից հետո նրանք պնդում են, որ SPF պաշտպանիչ քսուքները հարկավոր է օգտագործել միշտ: Դրանք լինում են տարբեր աստիճանի պաշտպանության՝ 30,50,70. որքան բարձր է թիվը, այնքան ավելի արդյունավետ է քսուքը:

Տարածված թյուր կարծիք կա, որ արևապաշտպան քսուքները թույլ չեն տալիս արևայրուք ընդունել, սակայն հակառակը՝ դրանք քսելով՝ արևայրուքը լինում է ավելի առողջ, և մաշկը չի այրվում:

Մասնագետները պնդում են, որ որքան սպիտակ է մաշկը, այնքան ավելի բարձր պաշտպանողականություն պետք է ունենա քսուքը:

Այլ պետքական իրեր

Քսուքներից բացի, լողափ խորհուրդ ենք տալիս տանել ակնոց, գլխարկ, սրբիչ, ջրային ակնոց, ամառային անձրևանոց:

Եթե լողափ եք գնում երեխայի հետ, ապա անպայման նրա համար խաղալիքներ վերցրեք։

Վերջին տարիներին մեծ հեղինակություն է վայելում սառնախցիկ պայուսակը, որը թույլ կտա լողափում մի քանի ժամ սառը ըմպելիքներ վայելել:

Մասնագետները խորհուրդ են տալիս անընդհատ ջուր խմել, որպեսզի չջրազրկվեք:

Չմոռանաք նաև Ձեզ հետ լողափ տանել խոնավ և չոր անձեռոցիկներ:

Հարց. արժե՞ արդյոք լողափ տանել հեռախոս կամ համակարգիչ, պատասխան՝ ոչ: Մեր կարծիքով՝ դուք լողափ եք գնում հանգստանալու համար, ուստի պարզապես մի քանի ժամ մի՛ օգտվեք տեխնիկայից և վայելեք Ձեր հանգիստը:

 

Լրահոս

Դիտել ավելին