Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    520,5
    528,5

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

«Առավոտ». «Владимирский централ» լսող տաքսիստներին ազատազրկելո՞ւ են

29 Հունիս, 2019 10:18
«Առավոտ». «Владимирский централ» լսող տաքսիստներին ազատազրկելո՞ւ են

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Արդարադատության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «քրեական աշխարհին հարելը» քրեականացնող նախագիծը: Նախագծով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ են­թամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի:

 

 

Պատիժներն էլ բավականին սոլիդ են նախատեսված՝ շարքային «գողականների» համար 6-10 տարի, դրանց «շեֆի» համար՝ 10-15 տարի: Ըստ արդարադատության նախարարի՝ նման օրենքներ գործում են Ռուսաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում:

Ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում «հարել քրեական աշխարհին»: Գոյություն ունի Քրեական օրենսգիրք, որը նախատեսում է կոնկրետ հոդվածներ, քաղաքացին, որը կատարել է այդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ, դատվում է: Եթե ես այդ «քրեական» քաղաքացու հետ, ասենք, քավոր-սանիկային հարաբերությունների մեջ եմ, կամ նրա հետ ամեն երեկո գարեջուր եմ խմում, արդյո՞ք դա կնշանակի, որ «հարում եմ քրեական աշխարհին»:

Ինձ թվում է՝ ոչ. ես կա´մ նրա հանցակիցն եմ, կա´մ ոչ: Երկրորդ դեպքում՝ ում հետ եմ ես հանդիպում, ում եմ մտերիմ համարում, ինչպես եմ իմ ժամանակն անցկացնում՝ դա իմ անձնական գործն է:

Ի դեպ, եթե մարդն իրեն «օրենքով գող» է հռչակում եւ իր ընկերների շրջապատում համապատասխան «ծես» է անցկացնում, դա դեռ չի նշանակում, որ նա իսկապես «օրենքով գող» է՝ այն իմաստով, որով այդ եզրն օգտագործվում է խորհրդային եւ ռուսական պրակտիկայում:

Ի՞նչ է նշանակում «քրեական ենթամշակույթ»՝ դաջվածքնե՞րը, «բլատնոյ» երգե՞րը: Բայց հիմա աշխարհում (նաեւ Հայաստանում) հազարավոր մարդիկ «տատու» են անում: «Քրեական ենթամշակույթին» պատկանում են միայն որոշակի՞ տեղերում արված եւ որոշակի՞ բովանդակության դաջվածքները: Այդ դեպքում օրենքով պետք է նախատեսել դաջվածքի թույլատրելի «թեմատիկան» եւ մարմնի համապատասխան մասերը:

Ինչ մնում է երգերին, ապա Հայաստանի տաքսիստների կեսը պետք է այդ դեպքում ազատազրկվի, որովհետեւ իրենց մեքենաներում միացնում են «Золотые купола», «Владимирский централ» եւ նման այլ երգեր: Ես կգերադասեի, որ նրանք Մոցարտ լսեին, բայց երգացանկի ընտրությունը նույնպես մարդկանց անձնական գործն է: Իհարկե, այս դեպքում ցանկալի կլինի տաքսիստը ուղեւորին հարցնի՝ արդյոք այդ երգերն ուղեւորի ճաշակով են, բայց դժվար թե այդ հարցը հնարավոր է «քրեականացնել»:

Մտածող մարդիկ, բնականաբար, պետք է հակադրվեն քրեական ենթամշակույթի, բարքերին, մտածելակերպին, բայց, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ անելիք ունեն այստեղ իրավապահ մարմինները: Մյուս կողմից, իմ համոզմամբ, Հայաստանում խնդիրը ոչ այնքան զուտ քրեական, որքան քրեաօլիգարխիկ, ֆեոդալական ենթամշակույթն է, երբ «թագավոր ախպերը» կամ տեղական իշխանիկն իր «տասովշիկներով» եւ «ախրաննիկներով» բիրտ եւ ամբարտավան ձեւով «հարցեր է լուծում», իսկ նրա «հպատակները» սուսուփուս ընդունում են նման դրվածքը: Չգիտեմ, կարելի՞ է այսօր այդ բարքերը «քրեականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին