Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կսկսի գործել առաջին ուսանողաստեղծ հիմնադրամը. «Ռեստարտ»

28 Հունիս, 2019 21:10
Հայաստանում կսկսի գործել առաջին ուսանողաստեղծ հիմնադրամը. «Ռեստարտ»

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը շուտով կյանքի կկոչի ևս մեկ կարևոր ծրագիր՝ 2019 թ․ հուլիսի 6-ին Հայաստանում կսկսի գործել առաջին ուսանողաստեղծ հիմնադրամը։

Այս մասին ասվում է «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

«Շատերս գիտենք, որ ՀՀ բարձրագույն կրթական համակարգի գլխավոր խնդիրներից մեկը ուսանողների` վարձերի, կրթաթոշակների հետ ունեցած խնդիրներն են։ Նախ պետք է նշել, որ համալսարաններում չի գործում ուսանողակենտրոն, ճկուն ու ուսանողին մոտիվացնող զեղչային համակարգ, սրան գումարած համալսարաններից դուրս գործող հիմնադրամների թիվը, որոնք կարող են ուսանողին օգնել, թեթևացնելով ուսման ֆինանասական բեռը, բավականին քիչ են։ Չենք կարող չհիշել նաև դեպքերը, երբ ուսանողները ուսման վարձը չմուծելու պատճառով կանգնած են եղել համալսարանից հեռացվելու վտանգի առաջ։ Ուստի, հիմնադրամի նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն կամ ուսումը սկսելու ու այն շարունակելու մոտիվացիա ունեցող այն ուսանողներին, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ և դժվարանում են վճարել ուսման վարձերը։

Վերջին շրջանում նախաձեռնության անդամների ֆեյսբուքյան էջերում հաճախ ենք հանդիպում պետական տարբեր կառույցների աշխատակիցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և տարատեսակ այլ կազմակերպությունների ու անհատների համար նախատեսված հրավիրատոմսերի բացիկներին: Հիմնադրամի բացման միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, բիզնես ոլորտի և ՀՀ գրեթե բոլոր բուհերից ներկայացուցիչներ:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշում է՝ «Այս օրվան շատ ենք սպասել ու երազել։ Մեկ տարվա ընթացքում մենք հասցրել ենք մի քանի ուսանողների օգնել, որ շարունակեն իրենց ուսումը, բայց դա շատ քիչ է, դրա համար մենք որոշեցինք ձեռնամուխ լինել ՀՀ-ում առաջին ուսանողաստեղծ հիմնադրամի ձևավորմանը»։

Հարկ է նշել, որ հիմնադրամը չի ստեղծվել միայն ուսման վարձերի փոխհատուցման նպատակով․ կարևորելով ուսանողների քաղաքացիական ակտիվությունը և ուսանողների նեղ մասնագիտական գիտելիքները՝ հիմնադրամի կողմից կհայտարարվեն դրամաշնորհներ՝ հետազոտությունների, ուսումնասիրությունների և այլ աշխատանքների համար։ Հիմնադրամի կողմից տրամադրվող կրթաթոշակների, դրամաշնորհների և դրամական միջոցների տրամադրման չափանիշները և չափորոշիչները մշակված են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։

Հուսով ենք, որ «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի գործառնման արդյունքում ՀՀ շատ երիտասարդների համար ֆինանսական միջոցների սղությունը էլ չի հանդիսանա պատճառ բարձրագույն կրթություն չստանալու և այն չշարունակելու համար։ Կրթության մեջ ներդրումը ամենակայուն և երկարաժամկետ ներդրումն է, որ մենք կարող ենք անել»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին