Կարևոր իրադարձություններ

Տաթև համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշի աճը «Մասնակցենք համայնքի զարգացմանը» ենթադրամաշնորհային ծրագրի թիրախում է

27 Հունիս, 2019 13:06
Տաթև համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշի աճը «Մասնակցենք համայնքի զարգացմանը» ենթադրամաշնորհային ծրագրի թիրախում է
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացնում են «Մասնակցենք համայնքի զարգացմանը» ենթադրամաշնորհային ծրագիրը:
 
Սյունիքի մարզի մի շարք համայնքներում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը չի գերազանցում նախատեսվածի 60%-ը: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հրատարակած վերլուծության արդյունքների, Սյունիքում հարկերի հավաքագրման ամենացածր տոկոսը մարզի Տաթև համայնքում է. 2016թ համեմատությամբ 2018թ դեկտեմբերին հավաքագրման արդյունքները նվազել են 21տոկոսով։
 
Հիմնական պատճառը բնակիչների անվճարունակությունն է, նաև այն, որ հստակ քաղաքականություն չի մշակվում հարկերի գանձման, համայնքային բյուջեն սեփական ռեսուրսների հաշվին համալրելու ուղղությամբ, ինչպես և ՏԻՄ-բնակիչ հարաբերություններում փոխվստահության բացակայությունը, տեղական իշխանությունների կողմից բյուջեի ոչ թափանցիկ ծախսումը։
 
«Մասնակցենք համայնքի զարգացմանը» ծրագիրն իրականացվում է Տաթև համայնքի 8 բնակավայրերում: Նպատակն է ուսումնասիրել տեղական տուրքերի հավաքագրման գործընթացները և պարզել, թե ինչ մեխանիզմներ են կիրառվում: Առանձնապես մեծ աճ չի գրանցվում Տաթև համայնքի բյուջեում, և պետք է հասկանալ, թե ինչ մեխանիզմով է հավաքագրվում, ինչպիսի խնդիրներ կան այդ գործընթացում և բնակչության կողմից ինչպես է ընկալվում տեղական տուրքի հավաքագրման գործընթացը:
 
«Անցկացրել ենք հարցումներ տեղանքի բնակիչների հետ, հարցազրույցներ և հանդիպումներ ենք ունեցել բնակավայրերի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Տաթև համայնքի տեղակալի հետ՝ հասկանալու ներքին բոլոր խնդիրները և այն պատճառները, որոնց հիման վրա ինչ-ինչ դժվարություններ են առաջանում»,- մեզ հետ զրույցում ասաց ծրագրի համակարգող Անահիտ Բաղդասարյանը:
 
Image may contain: 3 people, people smiling, people sitting and indoor
 
Վերջինիս խոսքով՝ բնակչության մեծամասնությունը չգիտի, թե ինչպես է ծախսվում իրեն տված տեղական տուրքերը և ինչ նպատակով, ցածր է տեղեկատվության մատչելիությունը և իրազեկվածության մակարդակը:
 
«Պետք է բնակչությանը տեղյակ պահել, թե իրենց տված հարկերից ստացված գումարը ինչի վրա պետք է ծախսվի հետագայում: Փոխվստահություն ձեռք բերելու դեպքում հնարավոր կլինի լավ արդյունք ունենալ, և մարդիկ պատրաստակամ կլինեն վճարել հակերը, քանի որ նրանք կգիտակցեն, որ այդ գումարը ծախսվելու է բնակավայրում ինչ-որ խնդրի լուծման համար»,- նշեց նա:
 
Image may contain: 5 people, people sitting, table, screen, office and indoor
 
Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում Տաթև համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշը կավելանա:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին