Կարևոր իրադարձություններ

Բանակցությունները շարունակվում են երկարաժամկետ ժամանակահատվածի համար գազի գնային մոդել ունենալու համար. Գարեգին Բաղրամյան

27 Հունիս, 2019 15:30
Բանակցությունները շարունակվում են երկարաժամկետ ժամանակահատվածի համար գազի գնային մոդել ունենալու համար. Գարեգին Բաղրամյան

Բանակցությունները դեռևս ընթանում են, որևէ նորություն այս պահին չկա: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով գազի գնի շուրջ բանակցություններին:

«Այսօր սահմանին Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Պետությունը այդ հարցում որևիցե պարտք չի կուտակում»,-ասաց նա և նշեց, որ մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարիների համար սահմանին Հայաստանին մատակարարվող գազի գնի որոշակի մոդել ունենալու նպատակով։

Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ներկայումս փաստաթուղթը մշակվում է, և երբ վերջնական որոշում կլինի, կներկայացվի քննարկման։ Նա կոնկրետ չասաց, թե երբ կավարտվեն բանակցությունները:

Նա չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ բանակցությունները ձգձգվում են. բանակցությունները իրականացվում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, մասնակցում է Էներգետիկայի նախարարությունը, «Գազպրոմ Արմենիա»-ն, և ռուսական «Գազպրոմից» մասնագետների խումբ է եկել, քննարկել են` գազամատակարարման սխեման, մինչև 2030-ը սպասվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են մոտեցումներ ներքին գնի ձևավորման մասին։

«Բանակցությունները շարունակվում են երկարաժամկետ ժամանակահատվածի համար գնային մոդել ունենալու համար: Հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, հրապարակային կներկայացնենք», - ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է բանակցությունների ավարտից հետո որևէ բան փոխվի և գումարային տարբերությունը ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ն վճարի, այլ այդ պարտավորությունը դրվի ժողովրդի վրա, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց՝ հնարավոր չէ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին