Կարևոր իրադարձություններ

Մենք պետք է տարբերակենք և հասկանանք, որ վերջիվերջո մենք այստեղ ենք արժեքների, իրավունքների և խոսքի ազատության համար. Տաթև Հայրապետյան

27 Հունիս, 2019 13:23
Մենք պետք է տարբերակենք և հասկանանք, որ վերջիվերջո մենք այստեղ ենք արժեքների, իրավունքների և խոսքի ազատության համար. Տաթև Հայրապետյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն անդրադարձել է հոլանդացի պատգամավոր Պետեր Օմցիգի (ԵԺԿ) «Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանությունը և իրավունքի գերակայությունը Մալթայում և դրանից դուրս. հավաստիացնելով, որ ամբողջական ճշմարտությունը ի հայտ կգա» զեկույցին:

Տաթև Հայրապետյանը նախ շնորհակալություն է հայտնել Պետեր Օմցիգին մանրամասն զեկույցի և իր ցանկության համար բացահայտելու այս ողբերգական դեպքի մասին ճշմարտությունը: Նրա խոսքով, այդ զեկույցում ակնհայտ է դառնում, որ քրեական գործում առկա է ադրբեջանական հետք, մասնավորապես սա կապված է իշխող կուսակցության և նրանց հետ առնչվող կոռուպցիոն սկանդալի հետ:

«Առկա են բազմաթիվ կարևոր նշումներ այս զեկույցում, որոնք ապացուցում են, որ առկա է ուղիղ կապ այս դեպքի և ադրբեջանցի պաշտոնյաների միջև: Որքան ուսումնասիրում ես, այնքան համոզվում ես, որ առկա է ուղղակի կապ Ադրբեջանի իշխող ընտանիքի և հայտնի լրագրողի սպանության մեջ: Փաստացի, Ադրբեջանը ոչ միայն սպառնում և հետապնդում է իր լրագրողներին, այլ ավելի հեռուն է գնում՝ հասնելով օտարերկրյա լրագրողներին, ինչպիսին Դաֆնա Կարունա Գալիցիան էր՝ խիզախ լրագրող, որը համարձակվեց բացահայտել բարձրաստիճան պաշտոնյաների մեջ առկա կոռուպցիոն կապերի մի հսկայական շղթա»,-ասել է Տաթև Հայրապետյանը: Նա ընդգծել է, որ Դաֆնա Կարունա Գալիցիան զոհաբերել է իր կյանքը և նվազագույնը, որ կարելի է անել, բանաձևի ընդունումն է, որով կոչ է արվում արդար հետաքննություն անցկացնել:

«Ես հասկանում եմ, թե ինչու են որոշ երկրների որոշ պատվիրակներ փորձում խոչընդոտել այս գործընթացին, որովհետև նրանք կարծում են, որ ներկայացնում են իրենց իշխանություններին և ոչ թե ժողովրդին: Մենք պետք է տարբերակենք և հասկանանք, որ վերջիվերջո մենք այստեղ ենք արժեքների, իրավունքների և խոսքի ազատության համար: Մենք այստեղ ենք որպես ժողովուրդների ներկայացուցիչներ: Մենք չենք կարող լռել այս դեպքի մասին, մենք պետք է համառորեն կանգնենք հանուն արդար հետաքննության, որը կունենա կոնկրետ և շոշափելի արդյունքներ: Ի վերջո, ադրբեջանցի գործընկերներ, մենք մեղավոր չենք, որ դուք կոռումպացված և ավտորիտար պետության ներկայացուցիչներ եք: Դադարեցրե՛ք մեղադրել հայերին ձեր բոլոր հանցանքներում: Մենք ձեր քավության նոխազը չենք»,-նշել է Տաթև Հայրապետյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին