Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը

25 Հունիս, 2019 20:05
ԱԺ նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, հանդիպմանն Արարատ Միրզոյանն արժևորել է հայ-վիետնամական հաստատված միջխորհրդարանական կապերը` հույս հայտնելով, որ պատգամավորական պատվիրակության ներկա այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Նրա խոսքով` ի տարբերություն խորհրդարանական հարաբերությունների` ցանկալի մակարդակի չեն այլ ոլորտներում երկկողմ կապերը, այն դեպքում, երբ զգալի ներուժ է առկա տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և շատ այլ բնագավառներում:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում Երևանում ևս կգործի ՎՍՀ դեսպանությունը, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Նշելով, որ իր գլխավորածը Վիետնամից Երևան այցելած առաջին խորհրդարանական պատվիրակությունն է` Նգույեն Ման Թիենը դա բնորոշել է որպես վառ ապացույց` Հայաստանի հետ համագործակցության իր երկրի ունեցած մեծ հետաքրքրվածության: «Մենք բարձր ենք գնահատում երկու խորհրդարանների միջև կապերը և ակնկալում, որ նման փոխադարձ այցերը հնարավորություն կտան իրագործելու այլ ոլորտներում առկա մեծ ներուժը», - նշել է Նգույեն Ման Թիենը` Արարատ Միրզոյանին փոխանցելով իրենց խորհրդարանի ղեկավարի` Վիետնամ այցելելու հրավերը:

Վիետնամցի խորհրդարանականի խոսքով` Հայաստանն իրենք դիտարկում են մի երկիր, որը լավ կամուրջ կարող է լինել Ասիայի և Եվրոպայի միջև, ուստի ակնկալում են, որ հայկական կողմն ակտիվ մասնակցություն ու դերակատարություն կունենա տարածաշրջանային մի շարք կառույցներում:

ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ՎՍՀ այցելելու հրավերի համար, ընդգծել է, որ հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունի ինչպես Վիետնամի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների խորացմամբ: Նրա խոսքով` ժամանակն է փոխգործակցության առումով անցնել գործնական քայլերի:

 

Լրահոս

Դիտել ավելին