Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    520,5
    528,5

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել խորհրդարանում

25 Հունիս, 2019 18:30
Հայաստանում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել խորհրդարանում

Հայաստանում դիվանագիտական աշխատանքի ավարտի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, արժեւորելով այն գործընկերային հարաբերությունները, որոնք ձեւավորված են երկու երկրների միջեւ` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դրանց խորացման գործում դեսպանի ունեցած դերակատարությունը: Արարատ Միրզոյանի խոսքով` մեր երկրում տեղի ունեցած չափազանց լուրջ փոփոխություններին զուգընթաց` դինամիկ փոփոխություններ ու զարգացում են ունեցել նաեւ հայ-գերմանական հարաբերությունները` ստանալով նոր մակարդակ:

Շնորհակալություն հայտնելով հրաժեշտի հանդիպման համար` Բերնհարդ Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ գերմանական կողմը միշտ կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացումը, երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի խորացումը, փոխադարձ այցերն ու փորձի փոխանակումը: Նրա խոսքով` Հայաստանում հաստատված նոր իրողությունների պայմաններում լայն հնարավորություն է ստեղծվել երկկողմ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու համար: Ըստ դեսպանի` Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ պայմանավորված էապես մեծացել է Ազգային ժողովի դերակատարությունը, ուստի գերմանական կողմը պատրաստակամ է շարունակելու եւ ընդլայնելու օրենսդիր մարմնին սատարման ծրագրերը` տարբեր ձեւաչափերով:

«Հայ-գերմանական հարաբերությունները միշտ աչքի են ընկել իրենց ջերմ, բարեկամական բնույթով եւ ընթացող փոփոխություններից հետո դրանք էլ ավելի խորացման հնարավորություն ունեն»,-ասել է գերմանացի դիվանագետը:

Կողմերն անդրադարձել են մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, որոնք մասնավորապես ընթանում են հանրային կառավարման, արդարադատության, հարկային եւ այլ ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է Ազգային ժողովի դերը բարեփոխումների գործընթացում, խորհրդարանական կառավարման ձեւաչափում: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը:

Արարատ Միրզոյանն ընդգծել է Բերնհարդ Մաթիաս Քիսլերի ներդրած անձնական ջանքերը` հայ-գերմանական հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելու ուղղությամբ:

Դեսպանն իր հերթին հավաստիացրել է, որ միշտ հետաքրքրված է լինելու հայաստանյան գործընթացներով եւ իր հետագա գործունեությամբ եւս նպաստելու է հայ-գերմանական հարաբերությունների ամրացմանը: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին