Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց (լուսանկարներ). Armtimes.com

24 Հունիս, 2019 18:29
Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց (լուսանկարներ). Armtimes.com

ՀՀ վարչապետի տիկին,  «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 24-ին Մեխակավանի զորամասի սպաների կանանց հրավերով այցելել է Մեխակավանում տեղակայված զորամասին կից «Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն։ Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Մեխակավանում տեղակայված զորամասի հրամանատար գնդապետ Մարտին Ջհանգիրյանը, «Արևիկ» մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի ղեկավար Իռա Թամրազյանը, Մեխակավանում Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Անդրանիկ Սաֆարյանը, Մեխակավանում տեղակայված զորամասի գնդերեց Լորիս սարկավագ Անդրեասյանը։  Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել կենտրոն հաճախող երեխաների ձեռքի աշխատանքներին, շփվել նրանց հետ։

 

Ողջունի խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ անչափ երջանիկ է սպաների կանանց հետ հանդիպման հնարավորության համար։ «Շնորհակալ եմ այս հրավերի համար։ Ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա, ընդհակառակը, ես եմ շատ շնորհակալ որովհետև չգիտեի, որ այսպիսի կենտրոն կա։ Այն ինչ տեսա՝ շատ հուզիչ է, ես հիացած եմ։ Միայն գաղափարը, որ կենտրոնում երեխաները խաղում են, ստեղծագործում՝ հրաշալի է։ Սա մեր ապագայի, մեր կյանքի շարունակության և հաղթանակի ամրապնդման օրրանՆ է, մեր ապագայի երաշխիքն է։ Ես դա այդպես եմ ընկալում»,- ասել է Աննա Հակոբյանը։

 

Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ գնդապետ Բադալյանն էլ շեշտել է, որ որպես այս տարածքի առաջին պատասխանատուն շատ մեծ ոգևորություն են ապրել տեղեկանալով այցի մասին։ «Շատ գովելի է, որ դուք Ձեր ընտանիքով օրինակ եք ծառայում, որ Ձեր որդին էլ է ծառայում։ Եվ այսօր, որ Արցախում զինվորի էիք տեսնում, մենք կողքից նկատում էինք Ձեր յուրահատուկ մոտեցումը, քանի որ Ձեր զինվորը նույնպես այդ աշխատանքների մեջ իր լուման ունի։ Այսօրվա այս կենտրոնի տաղանդաշատ երեխաները վաղվա մեր զինվորներն են»,- ասել է գնդապետ Բադալյանը՝ հավելելով, որ Աննա Հակոբյանի այցը շատ պարտավորեցնող էր

 

«Սա եզակի դեպք է, երբ հանրապետության ղեկավարի կինն այցելում է զինավան։ Կարծում եմ սա շատ լավ օրինակ է ծառայելու և մեր մնացած տիկիններն էլ կայցելեն, կծանոթանան սպաների տիկնանց հետ»,- ասաց Արցախի պետական համալսարանի դոցենտ Արևիկ Պետրոսյանը։

Հանդիպմանը Աննա Հակոբյանը շփվել է սպաների տիկնանց հետ, պատասխանել նրանց հարցերին։

«Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի Մեխակավանի մասնաճյուղ  է հաճախում Մեխակավանում տեղակայված զորամասի սպաների շուրջ 150 երեխա։ Նրանք սովորում են հուլունքագործություն, նկարչություն, գոբելեն, թատերական արվեստ։ Աշնանից երեխաները հնարավորություն կունենան սովորելու նաև երգարվեստ, ինչպես նաև պատրաստել անօդաչու թռչող սարքեր։ Կենտրոնում գործունեություն են ծավալում նաև սպաների կանայք։  

 

Լրահոս

Դիտել ավելին