Կարևոր իրադարձություններ

Վերին Լարսի անցակետը բաց է, կուտակումներ չկան. Հյուսիսային Օսիայի իրավապահների պարզաբանումը

23 Հունիս, 2019 12:58
Վերին Լարսի անցակետը բաց է, կուտակումներ չկան. Հյուսիսային Օսիայի իրավապահների պարզաբանումը

Հյուսիսային Օսիայի իրավապահ մարմինները Sputnik լրատվական գործակալության վրացական ծառայության հետ զրույցում հերքել են տեղեկություններն առ այն, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմը մեքենաներին թույլ չի տալիս շարժվել դեպի Վրաստան:

Նման տեղեկություններն ակտիվորեն շրջանառվում են սոցցանցերի վրացական հատվածում:

«Մենք աշխատում ենք բնականոն ռեժիմով: Բոլոր ուղղություններն աշխատում են, հերթեր չկան: Կուտակվում է առավելագույնը 20-30 մեքենա, որոնք սպասում են տասը րոպե»,- ասել է Դաշնային մաքսային ծառայության Հյուսիսօսական մաքսային վարչության մամուլի ծառայության աշխատակիցը:

Նա ընդգծել է, որ սահմանապահները մարդկանց չեն համոզում հրաժարվել Վրաստան գնալուց, քանի որ դա նրանց իրավունքն է:

«Մենք պարզապես նախազգուշացնում ենք նրանց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ հուլիսի 8-ից դադարեցվելու է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը: Չենք կարող ասել, թե վաղն ինչ կլինի, սակայն ներկայում ռուսական կողմից դեպի Վրաստան մուտքի արգելք սահմանելու վերաբերյալ հրաման չի ստացվել»,- հավելել է զրուցակիցը:

Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից չեն կարողանա չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Հրամանագրում նշվում է, որ սա ժամանակավոր քայլ է, որի նպատակն է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: ՌԴ տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ արգելքը կվերաբերի նաև վրացական ավիաընկերություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին