Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են Ղազախստանի Հանրապետության առաջին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահները

23 Հունիս, 2019 12:19
Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են Ղազախստանի Հանրապետության առաջին և  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի Հանրապետության առաջին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահները:
 
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի  ուղերձում ասվում է. 
 
«Հայաստանը Չինաստանի համար համագործակցության ավանդական գործընկերներից է, հայ-չինական բարեկամական հարաբերություններն իրենց արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ:
 
Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվում է զարգացման դրական դինամիկա, հետևողականորեն խորանում է գործնական համագործակցությունը:
 
Ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանն ու պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը նոր տեղաշարժեր գրանցեն և այդպիսով ավելի իրական օգուտ բերեն մեր երկրների ժողովուրդներին»:
 
Նա քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել Հայաստանի իր գործընկերոջը։ 
 
Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում ասվում է.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք հսկայական աշխատանք եք տանում երկրի կայուն զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ:

Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը լիարժեքորեն կբացահայտի փոխգործակցության ներուժը և մեր երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հնարավորությունները կյանքի կկոչվեն»:

Ղազախստանի առաջին նախագահն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին