Կարևոր իրադարձություններ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը՝ Կարինե Աշուղյանի մահվան կապակցությամբ

22 Հունիս, 2019 18:19
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը՝ Կարինե Աշուղյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը՝ բանաստեղծ Կարինե Աշուղյանի մահվան կապակցությամբ․

«Մեծագույն ցավ ապրեցի` տեղեկանալով բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լավ ընկեր Կարինե Աշուղյանի անժամանակ մահվան մասին: Մեծ է նրա ավանդը հատկապես գրական ու  թարգմանչական գործում: Նա բացառիկ գեղեցկությամբ եւ վարպետությամբ է թարգմանել Մարինա Ցվետաեւայի, Աննա Ախմատովայի, Նաթելլա Լալաբեկյանի եւ այլոց ստեղծագործությունները: Իսկ իր` Կարինե Աշուղյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` աշխարհին ներկայացնելով հայ ժամանակակից գրական միտքը:

 Իմ վշտակցությունն եմ հղում Կարինե Աշուղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Կորուստն անդառնալի է, քանի որ մենք կորցրել ենք հրաշալի բանաստեղծի, տաղանդավոր մարդու եւ լավ ընկերոջ»,-ասված է Աննա Հակոբյանի ցավակցական ուղերձում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանում 57 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կարինե Աշուղյանը։

Նա եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն, հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն եւ այլ լեզուներով:

Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1995թ.), «Առաքելություն» (հրապարակախոսություն, «Ավետաբերները» ժողովածու, 1997թ.), «Հմայիլներ» (2006թ.), «Փորձեր» (2007թ.), «Մի ճամպրուկ ճակատագիր» (2014թ.), «Փիլիսոփայական եւ գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում» (2015թ.) գրքերը:

Ռուսերենից թարգմանել է Մարինա Ցվետաեւայի, Աննա Ախմատովայի «Բանաստեղծություններ» (2003թ.), Նաթելլա Լալաբեկյանի «Բազմակետ» (2011թ.), Վահան Հովհաննիսյանի «Մանդելիոն» (2014թ.) գրքերը: «Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սեւակի մրցանակի: Պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: 2016թ. արժանացել է ՀՀ ՊՆ եւ ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին: 

 

Լրահոս

Դիտել ավելին