Կարևոր իրադարձություններ

«Ժամանակ». Մարդասիրական և անվտանգության ամրապնդման ուղղությամբ կոնկրետ նոր առաջարկներ. Մինսկի խմբի համանախագահների բացահայտումը

22 Հունիս, 2019 09:49
«Ժամանակ». Մարդասիրական և անվտանգության ամրապնդման ուղղությամբ կոնկրետ նոր առաջարկներ. Մինսկի խմբի համանախագահների բացահայտումը

«Ժամանակ»-ը գրում է.

«Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարություն են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց հայտարարությունը, ընդհանուր առմամբ, շարունակում է մնալ «համանախագահական» ստանդարտի շրջանակում, այդուհանդերձ պարունակելով հետաքրքիր ազդակներ և թերևս մի բացահայտում: Նախ ազդակների մասին: Ակնառու է, որ համանախագահները պահպանելով առերևույթ չեզոքությունը, Ադրբեջանին հորդորում են ձեռնպահ մնալ հրադադարի խախտման և իրավիճակի լարման փորձերից, որ Բաքուն ձեռնարկել է վերջին օրերին: Թե ինչ է առերևույթ պահվում չեզոքությունը, այդ հարցի պատասխանը, ըստ երևույթին, համանախագահների միջև կոնսենսուսի սահմանափակվածությունն է: Նրանք համաձայն են, որ լարումը մերժելի է, բայց ունեն տարբեր ավելի երկարաժամկետ հարցեր կողմերից յուրաքանչյուրի հետ և ըստ այդմ, պահելով պարիտետը, նրանք փորձում են Արցախի հարցում այն խախտելու պատճառով իրենք իրենց չսահմանափակել այլ հարցերում, տվյալ պարագայում Ադրբեջանի հետ աշխատանքի հնարավորությունից:

 Մյուս կողմից, հարց է, թե արդյո՞ք Բաքուն չի օգտագործում այդ հանգամանքը: Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ, եթե համաշխարհային ուժի երեք կենտրոնները դե ֆակտո, ոչ հրապարակային, բայց իրական քաղաքականության մակարդակում չեն կարող Բաքվին զսպել և սաստել, ապա հրապարակային մեղադրանքն էլ չի բերի արդյունքի: Իսկ եթե կարող են ոչ հրապարակային ձևով, ապա առերևույթ չեզոքությունն ինքնին խնդիր չէ: Այստեղ պետք է արձանագրենք մի բան, որ ընթանում է քաղաքական լայնահուն գործընթաց, բազմաթիվ շերտերով և բուն խնդիրն այն է, որ Երևանը պետք է հասնի Ադրբեջանի ռազմա-քաղաքական զսպման տրամաբանության և գործընթացում դրա գերակայության նախ և առաջ իր դիրքերով, որից հետո արդեն համանախագահների հայտարարությունները տեխնիկական խնդիր կդառնան: Այդ իմաստով, համանախագահների հայտարարության մեջ կան շեշտադրումներ, որոնք, թերևս, արվել են հայկական կողմի պահանջով: Խոսքը հրադադարի պահպանման հանձնառությունը վերահաստատելն է և ոչ միայն չկրակելը, այլև ինժեներական աշխատանքներից ձեռնպահ մնալը:

Պատրանք պետք չէ, Ադրբեջանը ձեռնպահ չի մնալու: Բայց, մյուս կողմից Երևանը պետք է հետևողականորեն մեծացնի ճնշումը: Այդ իմաստով հանգում ենք հրադադարի պահպանման մեխանիզմների հարցին: Վաշինգտոնում շոշափվե՞լ է այդ հարցը: Համենայն դեպս, համանախագահների հայտարարության մեջ այդ մասին խոսք չկա: Դեռևս չի խոսել նաև պաշտոնական Երևանը: Սակայն, դրան զուգահեռ կա համանախագահների հետաքրքիր արձանագրում՝ ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնկալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված հումանիտար և անվտանգության միջոցառումների առնչությամբ։

 Փաստորեն, համանախագահները բացահայտում են, որ ռեգիոն վերջին այցի ընթացքում՝ Երևան, Ստեփանակերտ, Բաքու, բերել են մարդասիրական և կարևորը՝ անվտանգության ամրապնդման ուղղությամբ կոնկրետ նոր առաջարկներ: Թե ինչ են դրանք ենթադրում, պարզ չէ, սակայն այն, որ հենց համանախագահների՝ Բաքվում գտնվելու ժամանակ Ադրբեջանը դիմեց իբրև թե հայկական կողմի կրակոցից զոհ ունենալու մասին ապատեղեկատվության և իրավիճակի լարման, հուշում է, որ այդ առաջարկները ամենևին հաճո չեն եղել Ադրբեջանին և Բաքուն դիմել է շանտաժի քաղաքականությանը: Հաջողվե՞լ է կոտրել շանտաժը Վաշինգտոնում: Համանախագահների հայտարարությունը այդ առումով թողնում է կարճաժամկետ հաջողության տպավորություն և զսպման երկարաժամկետ մեխանիզմների հարցը շարունակում է մնալ բաց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին