Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի դատախազությունը ապօրինի ձկնորսության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

21 Հունիս, 2019 19:20
Գեղարքունիքի դատախազությունը ապօրինի ձկնորսության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում հաստատվել է Արծվանիստ գյուղի բնակչի կողմից ապօրինի ձկնորսության վերաբերյալ քրեական գործի մեղադրական եզրակացությունը, որ քրեական գործի հետ միասին ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Դեռևս տարեսկզբին ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ մարզի դատախազի կողմից խիստ հանձնարարություն էր տրվել կանխարգելիչ, հսկողական աշխատանքների միջոցով ակտիվացնել Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ պայքարը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նման դեպքերի բացահայտմանը, դրանցում ներգրավված անձանց արարքներին իրավական գնահատականներ տալուն:

Այս համատեքստում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ապօրինի ձկնորսության դեպքի առթիվ հարուցված քրեական գործ:

Մասնավորապես 2019թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են ապօրինի արդյունահանված ձկներ: Պարզվել է, որ դրանք որսացել էր Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչը՝ իր «Պրոգրես» մոդելի մոտորանավակով: Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս,մ չունենալով համապատասխան թույլտվություն, 2019թ. մարտի 14-ին ժամը 8-ի սահմաններում, իր առանձնատնից վերցված ձկնորսական ցանցերով Արծվանիստ գյուղին հարող Սևանա լճի լճափնյա տարածքում զբաղվել է ապօրինի ձկնորսությամբ՝ որսալով թվով 160 հատ՝ 61 կգ ընդհանուր սիգ տեսակի ձուկ: Դրա հետևանքով բնությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժնում նշված անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում հաստատվել է մեղադրական եզրակացությունը, որ քրեական գործի հետ միասին ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ներկա դրությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվում է ապօրինի ձկնորսության դեպքերին առնչվող 3 քրեական գործ»,- նշված է հաղորդագրության մեջ:  

 

Լրահոս

Դիտել ավելին