Կարևոր իրադարձություններ

Ուզում ենք ինչպես Հայաստանում․ վրացիների երազանքը մարմի՞ն է ստանում

21 Հունիս, 2019 17:40
Ուզում ենք ինչպես Հայաստանում․ վրացիների երազանքը մարմի՞ն է ստանում

Երեկվանից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում զարգացումներն այնքան արագ են ընթանում, որ անհնար է վերլուծաբաններին հասնել դրանց հետևից ու մեկնաբանել, թե ինչ կլինի։ Այս մասին հայտնում է armdaily.am-ը՝ նշելով, որ այսօր  Թբիլիսիի ընդդիմությունը նորից հանրահավաք է հրավիրել, որին նախնական տվյալներով դժվար է զուտ ընդդիմության հանրահավաք անվանել։ Որոշ դիտարկումների համաձայն ժողովրդի ցասումն ու խուճապը չէր բորբոքվի, եթե ոստիկանությունն անհամաչափ ուժ չկիրառեր, որին հաջորդեցին վիրավորում ստացած մարդիկ և զանգվածային բերման ենթարկվածները։ Այսօր արդեն խոսվում է հրաժարականների մասին։

Հեղափոխություն ապրած Վրաստանի ժողովուրդը նախորդ տարի մեր հեղափոխության օրերին սոցցանցերում բացահայտ դրական էին արտահայտվում հայերի մասին՝ նշելով, որ իրենց էլ է նման մի հեղափոխություն պետք։ Արդյոք սա հեղափոխության ազդակ է, կամ առաջին ծիծեռնակը, դեռ պարզ չէ, սակայն որոշ բաներում վրացիները կրկնում են մեր երկրում հաջողության հասած սցենարը։ Արդեն իսկ համացանցում հասանելի է դարձել իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչների բջջային համարները։ Փողոցներում հորդորում են մեքենաներին «սիգնալ» տալ, սակայն դեռ չկա «մերժիր Սերժին» համարժեք որևէ հրահանգ։ Հակառուսական տրամադրությունների արհեստական խթանումը որոշ վրացիների կարծիքոով ակնհայտ է։ Կարելի է ասել ժողովրդին փողոց դուրս բերելու համար նուրբ լարերը գտնված են, մնում է տեղին ու անդադար նվագել դրանց վրա։

Ի տարբերություն մեզ ու հայկական՝ համբերության բաժակի մասին ասացվածքի, վրացիներն առավել բռնկուն են և անհանդուրժող։ Նրանց արդեն իսկ հաջողվել է հեղափոխություն անել, հետո իրենց բերած իշխանությանը մերժել ու գահընկեց անել, իսկ համբերության բաժակի ասացվածք կարծես թե վրացական ասացվածքների բազայում գոյություն չունի։ Այս պահին միայն պաշտոնական Վաշինգտոնն է արձագանքել Վրաստանում տեղի ուեցողին, ինչպես նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն, մյուսները կարծես չեն շտապում՝ հետևելով դեպքերի զարգացմանը։ Ինչ կլինի Վրաստանում, թերևս հրաժարականները կշարունակվեն և գուցե դա էլ հենց համարվի վրացական թավիշը ու պարզվի, որ վրացիների երազանքը կատարվեց, ստացվեց այնպես ինչպես իրենք էին ուզում՝ ճիշտ Հայաստանի նման․․․

Ամեն դեպքում վրացական շրջանակների համար զարմանալի է այն, որ տեղի ունեցածը մի կաթիլ մեղր էլ չէր, իրականում իշխանությունն այդ հարցում ընդդիմության հետ համակարծիք էր ու հենց այստեղ է, որ անհասկանալի է դառնում դեպքերի շարունակականությունը․․․:

 

Լրահոս

Դիտել ավելին