Կարևոր իրադարձություններ

Բերման ենք ենթարկել եւ բերման ենք ենթարկելու նրանց, ովքեր կփորձեն կարգ խախտել. Օսիպյան

21 Հունիս, 2019 13:24
Բերման ենք ենթարկել եւ բերման ենք ենթարկելու նրանց, ովքեր կփորձեն կարգ խախտել. Օսիպյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներին հայտնեց, որ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունը շարունակելու է: 

«Ոչ թե մեր մոտեցումները լինելու են միայն ուժեղացված ծառայությունից ուժեղացված ծառայություն աշխատելը, այլ այսուհետ դա մեր առօրյան է լինելու: Մենք ոչ ենք ասել իրավախախտին, ոչ ենք ասել հանցագործին: Ինչ-որ տեղ կարող ենք հանդուրժող լինել այն քաղաքացիների նկատմամբ, որոնք թույլ են տալիս վարչական իրավախախտումներ, բայց կան այնպիսինները, որ հանդուրժողականությունը զրո է: Եվ մոտեցումը հետեւյալն է՝ ՀՀ-ում օրենքը բոլորի համար է եւ հասարակական կարգը որեւէ մեկը իրավունք չունի եւ չի կարող խախտել»,- նշեց Օսիպյանը:

Օսիպյանի կարծիքով հեղափոխությունից հետո, երբ ոստիկանությունը մի փոքր հանդուրժող եղավ, ոմանք դա սխալ հասկացան: Բայց արդեն շուրջ մեկ ամիս է՝ ըստ Օսիպյանի, երբ ոստիկանությունն այլեւս հանդուրժող չէ:

Հարցին՝ ինչո՞ւ է ոստիկանությունը պարբերաբար բերման ենթարկում ու ազատ արձակում սեւազգեստ «Ադեկվադ» խմբի անդաներին՝ այդպիսով նպաստելով, որ նրանք հանրությանը ավելի հայտնի դառնան, ոստիկանապետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ բերման ենթարկելը նրանց հագուստը կրելու հետ է կապված, եւ հենց այնպես ինչպես դուք եք ասում: Այդպիսի բան չկա, ոստիկանությունը բացառապես առաջնորդվում է օրենքներով, եւ ինչ էլ արել ենք, արել ենք օրենքի սահմաններում: Եթե մենք հանցանք կատարածին բերման ենք ենթարկում բաժին, մենք փորձում ենք այդ ենթադրյալ հանցագործին ճանաչելի՞ դարձնենք: Ձեր ասելով ստացվում է, որ որեւէ մեկին չպետք է բերման ենթարկենք: Բերման ենք ենթարկել եւ բերման ենք ենթարկելու նրանց, ովքեր կփորձեն կարգ խախտել էլ չենք խոսում այն մասին, որ հանցագործություն կատարեն»,- ասաց Օսիպյանը:

Հարցին, թե վարչապետի հանձնարարականից հետո քանի՞ սեւազգեստ է բերման ենթարկվել, Օսիպյանը պատասխանեց, որ բերման ենթարկելն ու հասարակական կարգը պահպանելը պայմանավորված չէ հագուստի գույնով. «Մենք առաջնորդվում ենք օրենքով եւ բացառապես օրենքի շրջանակներում ենք բերման ենթարկել: Թիվը չեմ կարող հիմա ասել»,- հավելեց նա:

Օսիպյանի խոսքով իրենց խնդիրը միայն բերման ենթարկելը չէ, սեւազգեստ անձանց մասին հանձնարարությունից հետո նաեւ կանխարգելիչ աշխատանքներ են տանում:

 

Լրահոս

Դիտել ավելին