Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Վահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել «Իմ քայլ»-ականների համար

21 Հունիս, 2019 10:02
«Ժողովուրդ». Վահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել «Իմ քայլ»-ականների համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը երեկ՝ խորհրդարանում երդվելիս, հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ։ «Այսօր այս երդումը տալով՝ ես դառնալու եմ ՍԴ երկրորդ դատավորը: Այո, դուք չեք սխալվում, երկրորդ դատավորը: Այս երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը հիմա երկրում չէ. ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ընդունելի ձևաչափով, այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանությանը»:

Նրա այսպիսի հայտարարությունն անակնկալ է եղել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար, որոնք դահլիճում նստած լսել են նրա խոսքերը, և շատերը նրա հայտարարությունից հետո որոշ ժամանակ անց սկսել են սոցիալական ցանցերում գրել այդ մասին և Վահե Գրիգորյանին ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի նախահայր։

Բանն այն է, որ Սահմանադրական դատարանն այժմ միակ մարմինն է, որը դեռ գտնվում է անցումային փուլում։ Եվ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունում առկա են անցումային դրույթներ, որոնցով էլ կարգավորվում են Սահմանադրական դատարանի դատավոր և անդամ եզրույթները։ Ըստ այդմ, պետք է անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո բոլորը լինեն ՍԴ դատավորներ, իսկ այս պահի դրությամբ միայն երկուսն են։ Եվ Վահե Գրիգորյանն, ըստ էության, հայտարարեց այդ ճգնաժամը լուծելու պատրաստակամության մասին։

Այժմ կրկին իրավաբանները երկու մասի են բաժանվել. մեկ մասն ասում է, որ ՍԴ անդամի և դատավորի լիազորությունները չեն տարբերվում, իսկ մյուս մասն էլ պնդում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ-ի ընդունած բոլոր որոշումները կարող են առ ոչինչ ճանաչվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին