Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարան. Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

20 Հունիս, 2019 23:55
Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարան. Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

Վրաստանի խորհրդարանի դիմաց հակառուսական ցույցեր են ընթանում: Ակցիայի մասնակիցները  փորձում են ներխուժել խորհրդարան: Այս մասին տեղեկացնում է  «Ալիք մեդիա»-ն:

Տեղում աշխատում է ոստիկանությունը, մոբիլիզացված են նաև հատուկջոկատայիններ:

 Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարեց․ «եթե մեկ ժամվա ընթացքում ցուցարարների պահանջը չբավարարվի, կմտնեն խորհրդարան»:

Ցուցարարները պահանջում են, որ մեկ ժամվա ընթացքում պաշտոնաթող լինեն Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, ՆԳ-ի նախարար Գիորգի Գախարիան և ՊԱԾ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Ցուցարարները նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Նշենք, որ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Վերջինս այս պահին պաշտոնական երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում: Նա հայտարարել է, որ այցը չի ընդհատվելու:

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոստիկաններին կոչ է անում անցնել ցուցարարների կողմը:

«Ես իմ ստեղծած ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:

Հավելենք, որ երկրի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ ընթացող բողոքի ցույցի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել ակցիան, ցուցարարներին է հանդիպել Վրաստանի ՆԳ-ի նախարար Գիորգի Գախարիան:

 

Լրահոս

Դիտել ավելին