Կարևոր իրադարձություններ

Տավուշում կիրականացվեն նորարարական գյուղատնտեսական նախագծեր

20 Հունիս, 2019 22:57
Տավուշում կիրականացվեն նորարարական գյուղատնտեսական նախագծեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի Օ-Դը-Սենի նահանգի նահանգային խորհրդի փոխնախագահ Իզաբել Կոլերին, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ Միշել Պազումյանը և այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ջերմորեն ողջունելով Օ-Դը-Սենից ժամանած պատվիրակությանը՝ փոխնախարար Տերտերյանը գոհունակություն է հայտնել միջտարածաշրջանային ու տեղական հարթությունում հայ-ֆրանսիական բավականին ընդարձակ համագործակցության մակարդակից, միաժամանակ ընդգծել, որ Տավուշի մարզում երկու երկրների փոխգործակցությամբ արձանագրված ձեռքբերումները ապակենտրոնացված ցանցային հարաբերությունների խորացման համար մեծ հեռանկարներ են խոստանում։ «Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի կողմից Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով Տավուշի մարզում նորարարական գյուղատնտեսական նախագծերի իրականացումը հայ իրականության մեջ իր ուրույն ձեռագիրն է թողել, որի շնորհիվ բարեկամ Ֆրանսիայի ներկայությունը Տավուշի մարզում գնալով ավելի շատ է զգացվում»,- ասել է փոխնախարարը։

Դեսպան Ջոնաթան Լաքոտն իր հերթին նկատել է, որ ՀՀ Տավուշի մարզում հայ-ֆրանսիական համատեղ ծրագիրը ամենաերկարատև և արդյունավետ ապակենտրոնացված փոխգործակցության օրինակն է։ Նա նաև նկատել է, որ պետությունների միջև ձևավորված միջտարածաշրջանային սերտ կապերն առանցքային կարևորություն ունեն Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքական երկխոսության օրակարգում։

Օ-Դը-Սենի նահանգային խորհրդի ներկայացուցիրչները ևս բարձր են գնահատել Տավուշում իրականացվող ծրագրի արդյունքները և պատրաստակամություն հայտնել ընդարձակել համագործակցությունը մարզում անասնաբուծական ֆերմաների ստեղծման և ագրոդպրոցի հիմնման ուղղություններով։

Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև՝ Տավուշի մարզում նորարարական գյուղատնտեսական նախագծերի իրականացման վերաբերյալ։

Փոխըմբռնման հուշագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը՝ Տավուշի մարզում նորարարական գյուղատնտեսական նախագծերի իրականացման համար: Ծրագրի համաձայն Տավուշի մարզում նախատեսվում է ստեղծել նորարարական անասնաբուծական ֆերմաներ, իսկ մարզի Լուսաձոր համայնքում հիմնել ագրոդպրոց։ 


 

Լրահոս

Դիտել ավելին