Կարևոր իրադարձություններ

Վանաձորի վագոն-տնակներում ապրող մի քանի ընտանիք բնակարան կստանա

20 Հունիս, 2019 18:49
Վանաձորի վագոն-տնակներում ապրող մի քանի ընտանիք բնակարան կստանա

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում շարունակում են օգնել անապահով ընտանիքներին՝ վագոն-տնակներից բնակարաններ տեղափոխվելու գործում։ Նախագծի շնորհիվ այսօր արդեն Գյումրու 20 ընտանիք ապահովված է սեփական բնակարանով:

Ծրագրի այս փուլը նախատեսում է բնակարանով ապահովել Վանաձորի տնակներում ապրող ընտանիքներին, որտեղ անչափահաս երեխաներ կան։

«Այս տարիների ընթացքում երկար ու մանրակրկիտ ուսումնասիրել ենք վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին։ Անհնար է անտարբեր անցնել հատկապես տարրական կենցաղային պայմաններից զրկված երեխաների կողքով, որոնցից յուրաքանչյուրի երեսին իրենց տարիքին ոչ բնորոշ հոգս ու տխրություն կա։ Շատ են այդպիսի ընտանիքները նաեւ Վանաձորում. հենց այդ պատճառով էլ այս անգամ այստեղ կփորձենք օգտակար լինել։ Վստահ ենք, որ բնակարանային հարցը լուծելուց հետո թե' երեխաները, եւ թե' իրենց ծնողները կկենտրոնանան այլ, ավելի կարեւոր խնդիրների վրա», - նշում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը։ 

Հունիսի 19-ին առաջին բնակարանի բանալիները հանձնվեցին Մարիամ Բուլղադարյանի բազմանդամ ընտանիքին։ Վերջիններիս համար բնակարան ստանալու լուրը մեծ անակնկալ էր: Տասնյակ տարիներ վագոն-տնակում ապրելը ընտանիքի անդամներից խլել էր հույսը,լավատեսությունն ու երեխաների ապագայի նկատմամբ հավատը: Տիկին Բուլղադարյանի խոսքով, բարերարների շնորհիվ իրենց կյանքում լուծվեց ամենակարեւորը՝ բնակարանի հարցը, որպեսզի երեխաներն ու թոռնիկները ոչ թե իրենց պես վագոն-տնակում մեծանան՝ վտանգելով առողջությունը, այլ՝ բարեկեցիկ տանը՝ մտածելով միայն ապագայում ուսում ստանալու, իրենց կյանքն ու ապագան կառուցելու մասին:

Ծրագրի Վանաձորին ուղղված մասը կիրագործվի առաջիկա ամիսների ընթացքում, իսկ սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու գործընթացը շարունակական կլինի։

 

Լրահոս

Դիտել ավելին