Կարևոր իրադարձություններ

Արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության հասցեին հնչող քննադատությանը

20 Հունիս, 2019 14:14
Արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության հասցեին հնչող քննադատությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող կարծիքներին և քննադատություններին, թե կառավարությունը ռեֆորմները չի անում անհրաժեշտ արագությամբ: ՀՀ վարչապետը թեմային անդրադարձավ ՀՀ ԱԺ-ում 2018  թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում ունեցած եզրափակիչ ելույթում:

«Ընդհանրապես ես մի այսպիսի տպավորություն ունեմ 1990-ական թվականներից, որի քաղաքական կյանքը որպես լրագրող շատ ակտիվորեն լուսաբանել եմ: Եվ իմ տպավորությունը և կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ: 90-ականների սկզբին իմ աչքերի առաջ և իմ հոդվածներում են արտահայտված, թե մի քանի պարզապես փայլուն և ստրատեգիական նշանակության ռեֆորմներ ինչու են ձախողվել, ինչպես են ձախողվել միայն այն պատճառով, նրանց հեղինակները որոշել են և ցանկացել են ժամ առաջ դրանք ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Եվ այդ ռեֆորմները մինչև այսօր իրականություն չեն և մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունը կրում է այդ ռեֆորմների տեղի չունենալու ծանրագույն հետևանքները»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ եթե այս առումով նայենք, այդ քննադատությունը հիմնավոր է, բայց ոչ թե որպես քննադատություն, այլ որպես աշխարհայացքային ընկալում: «Ես ուզում եմ անկեղծ խոստովանել, որ մեր քաղաքական թիմը, այո, այդպիսի նկատառում և միտում ունի, և այդ միտումը մի անգամ շատ փայլուն ձևով ձևակերպել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը իր հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ «արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»: Այսինքն, շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին