Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ, առանց դատավորների աշխատավարձը հինգ-վեց անգամ բարձրացնելու․Նիկոլ Փաշինյան

20 Հունիս, 2019 13:58
ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ, առանց դատավորների աշխատավարձը հինգ-վեց անգամ բարձրացնելու․Նիկոլ Փաշինյան

2018 թ-ը բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է եղել, նման բան խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ այլ երկրում տեղի է ունեցել․ 2018 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ քաղաքական մեծ իրադարձություններ են եղել, նախագահական մեկ ընտրություն, վարչապետի 5 ընտրություն, ԱԺ արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, մի քանի համայնքներում արտահերթ ընտրություններ և ի վերջո թավշյա հեղափոխություն: «Այդ տարվա արդյունքում ունեցել ենք 5, 2% աճ, այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած կառավարությունը դրել է 4,5% աճի կանխատեսում»,-ասաց նա։

Վարչապետն ասաց, որ չունի չկատարված ոչ մի պարտավորություն, մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն։ «Կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, որովհետև այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է ՀՀ-ում բնականոն կյանքը լիարժեքորեն»,-ասաց նա և նշեց, որ բացի այդ, պետական համակարգի գլոբալ անցում է կատարվել  կիսանախագահականից խորհրդարանականի։

Փաշինյանն ասաց, որ դեռևս աճը շարունակվում է, որը լավագույնն է ԵԱՏՄ երկրներում։

Այդուհանդերձ, նա անդրադարձավ մի շարք քննադատություններին, մասնավորապես, որ կառավարությունը ռեֆորմները չի անում անհարժեշտ արագությամբ։ Նա նշեց, որ եկել է համոզման, որ արագ ռեֆորմները նշանակում են ձախողված ռեֆորմներ, ինչպես եղել է 90-ականներին։

Նա օրինակ բերեց դատաիրավական համակարգի փոփոխությունների մասին քննադատությունը, երբ ասում են, որ մեկ տարի անցել է, բայց ոչինչ չի արվել։ 

Փաշինյանը շեշտեց, որ նորություն չէ ոչ մեկի համար, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգը պետք է խորքային փոփոխության ենթարկվի։

«Բայց ինձ համար միանշանակ է եղել, որ ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ, հիմա շատերի համար տհաճ բան եմ ասելու, բայց առանց դատավորների աշխատավարձը հինգ-վեց անգամ բարձրացնելու»,-հայտարարեց նա։

Նա նշեց, որ անցյալ տարի դատավորի թափուր տեղի համար մրցույթներին հավակնորդներ չեն եղել։ «Ինչու՝ որովհետև գիտեն, որ այլևս կաշառք չպետք է վերցնեն, որովհետև մեծ հավանականությամբ կձերբակալվեն: Բիզնեսով չպետք է զբաղվեն, քանի որ կպատժվեն և պետք է ստանան 400-600 000 դրամ աշխատավարձ և պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման և այլն։ Եկեք ինքնս մեզ հարց տանք, այս պայմաններում ո՞վ կուզենա ՀՀ –ում դատավոր աշխատել, ինքներդ կուզենա՞ք»,-հարցրեց նա։

Փաշինյանը նշեց, որ երբ ասում են դատավորների աշխատավարձի բարձրացում, հանրությունը սկսում է հիշել կոռումպացված դատավորներին, մինչդեռ ինքը ոչ թե դրանց մասին է խոսում, այլ նրանց, ովքեր ունեն բարձր սկզբունքայնություն, իրավունքին հավատում են։ Ըստ նրա, այս մասնագետները մասնավոր սեկտորում իրավաբանական խորհրդատվության համար ստանում են 2 մլն-ից ավելի աշխատավարձ։

Ըստ նրա, նման քայլի չէին կարող գնալ 2018-ին, որովհետև հանրայնորեն նման որոշումը չէր կարող ընկալվել և այսօր էլ դեռ չի կարող ընկալվել։

«Այսօր դատավորների աշխատավարձը բազմաթիվ պրոբլեմներ ունի հանրային ընկալման հարցով, մանավանդ, որ բազմաթիվ սոցիալական հարցեր լուծված չեն։ Մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները, միջազգային դոնորները այս հարցում ՀՀ-ին կաջակցեն: Մենք երկու տարի  անց նոր ներգրավված դատավորների բարձր աշխատավարձները կկարողանանք դարձնել 2,5-3 մլն դրամ, որը պետական բյուջեի վրա ազդեցություն չի ունենա։ Այդ ընթացում, համոզված եմ, մենք սոցիալական խնդիրներ կլուծենք և այդ ընթացքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ հանրությունը կհամոզվի, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, բխում է բոլորիս շահերից, դա մի քայլ է, որն արժե անել և հանրությունը կհամաձայնվի սեփական միջոցներից արդեն տրամադրել ամսական այդ 10 մլրդ դրամը, որպեսզի այդ խնդիրը լուծվի՝ պայմանով, որ մեզ իսկապես պետք է անկախ դատական համակարգ»,-նշեց նա։

Փաշինյանը նշեց, որ պետք չէ մեկ տարուց ակնկալել 30 տարվա չլուծված պրոբլեմների լուծում։

 

Լրահոս

Դիտել ավելին