Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չի հայտնել

18 Հունիս, 2019 16:17
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ  չի հայտնել

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների բողոքների գործով ինքնաբացարկ չհայտնեց:

Դատարանը քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժեց Քոչարյանի պաշտպանների եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի նախորդ նիստին ներկայացված թվով 6 միջնորդությունները:

Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարան չի ներկայացվել:

Նախորդ նիստին պաշտպաններն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը տարբեր հիմքերով կասկածի տակ էին դրել Դանիելյանի անաչառությունն ու անկողմնակալությունը:

Նախորդ նիստերից մեկում դատավորին կրկին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, սակայն այն մերժվել էր:

Նշենք, որ դատարանը դեռ չի անցել բողոքների քննությանը: Դատախազությունը բողոքներ է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոփոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին