Կարևոր իրադարձություններ

Վիզա ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն. ԱՄՆ հյուպատոս

17 Հունիս, 2019 22:13
Վիզա ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն. ԱՄՆ հյուպատոս

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակիցը Հայաստանում ԱՄՆ հյուպատոս Քրիստոֆեր Ռեյեսի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանի հետ հարցազրույցներում անդրադարձել է վիզա ստանալու համար փաստաթղթեր կեղծելու թեմային։

- Տարբեր տեսակի վիզաների համար ԱՄՆ դեսպանատուն դիմած անձինք հաճա՞խ են ներկայացնում կեղծ փաստաթղթեր:

- Ընդհանուր առմամբ, կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն: Նախ ուզում եմ նշել, որ մենք հարցազրույցների ժամանակ ավելի շատ հիմնվում ենք բանավոր զրույցի արդյուքների վրա, փաստաթղթերի մեծ պահանջ մեր կողմից չի ներկայացվում և փորձում ենք հարցազրույցի կամ զրույցի միջոցով ընթացք տալ վիզայի հետ կապված դիմումին, սակայն որոշ վիզաների դեպքում, փաստաթղթեր ներկայացնելն անհրաժեշտ է: Բայց նորից ասեմ, որ Հայաստանում կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը մեծ թիվ չեն կազմում:

- Փաստաթղթերի ստուգման փուլում, կասկածներ առաջանալիս համագործակցո՞ւմ եքիրավապահ կառույցների հետ:

- Հյուպատոսական բաժնի աշխատակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի կեղծ փաստաթղթեր չներկայացվեն: Դրա համար անհրաժեշտ է, որ մեր աշխատակիցները բավականաչափ տեղեկացված լինեն, իմանան, թե ինչ տեսք ունեն կամ ինչպիսին պետք է լինեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը, որոնք պահանջվում են քաղաքացիներից: Եվ երբ մենք նկատում ենք փաստաթղթեր, կամ երբ հիմքներ ունենք կասկածելու, որ դրանք կարող են կեղծ լինել, սահմանված ընթացակարգերով աշխատում ենք տեղի պատկան մարմինների հետ և փորձում ենք պարզել՝ փաստաթղթերը իրակա՞ն են, թե՞ կեղծ:

- Ձեր նշած համագործակցությունը արդյունավետ ու օպերատի՞վ է:

- Այո, լավ ենք համագործակցում: Հայաստանում մենք աշխատում ենք մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների, այդ թվում ոստիկանության հետ: Այդ համագործակցությունը արդյունավետ է: Ի դեպ, վերջերս մենք՝ հյուպատոսական բաժնի անձնակազմով այցելեցինք ոստիկանության ակադեմիա, որտեղ ապագա կադրերն են պատրաստվում: Շատ տպավորիչ էր տեսնել, թե ինչ պատրաստվածություն են անցնում մարդիկ, որոնք համալրում են Հայաստանի ոստիկանության շարքերը:

- Լավ, ամփոփելով զրույցը՝ մի այսպիսի հարց: Ի՞նչ հետևանք կունենա վիզայի համար կեղծփաստաթուղթ ներկայացնելը:

- Երբ կեղծ փաստաթղթերի ներկայացումը հաստատվում է, մենք երկու բան ենք անում: Առաջինը՝ պետք է հարգանք դրսևորվի Հայաստանի Հանրապետության օրենքների ու իրավական գործընթացների նկատմամբ, և, եթե խնդրո առարկան Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթուղթ է, բնականաբար, մենք այդ տվյալները փոխանցում ենք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Մյուս կողմից, Միացյալ Նահանգների հյուպատոսական օրենքների համաձայն, կարող են լինել հետևանքներ դիմողի համար. սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում նա կարող է ընդհանրապես զրկվել վիզա ստանալու հնարավորությունից: Առիթի դեպքում մենք բոլորին խորհուրդ ենք տալիս, որ ավելի լավ է լինել ազնիվ և մերժվել: Այդ պարագայում հնարավոր է հաջողության հասնել մյուս անգամ, բայց, եթե սուտ կամ սխալ տեղեկատվություն է ներկայացվում, դա հանգեցնում է վիզա ստանալու իրավասությունից վերջնական զրկման:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանը նշել է. «ՀՀ ոստիկանությունը սերտ համագործակցում է Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական ծառայությունների՝ այդ թվում նաև ԱՄՆ դեսպանատան հետ: Մասնավորապես ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ու ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական ծառայության համագործակցության շնորհիվ բացահայտվել են հանցագործությունների»։

Ըստ աղբյուրի՝ համագործակցության շնորհիվ բացահայտվել են փաստաթղթերի կեղծման բազմաթիվ դեպքեր, ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև օտարազգիների կողմից: Կեղծել են ատեստատ, դիպլոմ, ամուսնության կամ ապահարզանի, անգամ ծննդյան վկայական։ «Եթե դեսպանատան համապատասխան ծառայության աշխատակիցները փաստաթղթերի ուսումնասիրման ընթացքում կասկածներ են ունենում տվյալ փաստաթղթի կեղծ լինելու հետ կապված, ապա, անմիջապես, տեղեկացնում են մեզ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, և նշված փաստաթղթի իսկությունը ստուգելու նպատակով մեր կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ: 

Կարող եմ նշել՝ հարցումները ՀՀ տարբեր գերատեսչություններ և, իհարկե, այսպես ասած, գլխադասայինը՝ փորձաքննությունը: Մեր կողմից նշանակվում է դատափաստաթղթաբանական փորձաքննություն, որպեսզի իրականում համոզվենք տվյալ փաստաթուղթը կեղծ է, թե՞ իրական: Մեր միջոցառումների արդյունքում, երբ արդեն պարզ է դառնում, որ փաստաթուղթը կեղծ է, ապա հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվում է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության», - ընդգծել է ոստիկանության պաշտոնյան։

 

Լրահոս

Դիտել ավելին